Որպես խափանման միջոց՝ կիրառվել է չբացակայելու արգելքը:
Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Ա․Ու․-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, նախնական համաձայնության գալով տարատեսակ միջոցառումներ կազմակերպելու իրավասությամբ օժտված ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պետի հետ, որոշել են 2016թ․ ապրիլի 7-ին «Մայրության և գեղեցկության» տոնին նվիրված միջոցառում կազմակերպելու պատրվակով յուրացնել այդ միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված գումարը, հայտնում են ՀՀ դատախազությունից։
«Այդ նպատակով ՍՊ ընկերության տնօրենի և վարչական շրջանի ղեկավար միջև կազմվել է հանձնման-ընդունման վերաբերյալ կեղծ արձանագրություն, իսկ ֆինանսական բաժնի պետի հետ՝ կեղծ ակտ, ըստ որի՝ 2016թ․ ապրիլի 7-ին Երևան քաղաքի Թևոսյան փողոցում գործող ռեստորանում, իբրև թե, կազմակերպվել և անցկացվել է վերոնշյալ միջոցառումը, ինչն իրականում տեղի չի ունեցել։ Այդ նպատակով ընկերության հաշվեհամարին փոխանցվել է միջոցառման կազմակերպման և անցկացման համար նախատեսված 1.500.000 ՀՀ դրամ գումարը, որը կանխիկացվել է ընկերության տնօրենի կողմից: Այնուհետև վերջինս, կատարելով հարկային պարտավորությունները, մնացած 1.250.000 ՀՀ դրամը ֆինանսական բաժնի պետի աշխատասենյակում առձեռն տվել է նրան: Արդյունքում՝ վարչական շրջանի ղեկավարը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, բաժնի պետի հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է խոշոր չափի՝ 1.250.000 ՀՀ դրամ գումարը՝ Երևան համայնքին պատճառելով գույքային վնաս», – ասվում է հաղորդագրությունում:
Բացի այդ, վարչական շրջանի նախկին ղեկավարն ու ֆինանսական բաժնի պետը նաև տարբեր ընկերություններից ապօրինի կերպով պահանջել են հավելյալ` վարձավճարից ավելի գումար վճարել վարչական շենքում վարձակալած տարածքների համար։
Քննությամբ պարզվել է նաև, որ ֆինանսական բաժնի պետը, օգտագործելով պաշտոնեական դիրքը, աշխատակազմի համար ձեռք բերված գրենական պիտույքների բաշխման ցուցակներում ուռճացրել է ծախսերը`յուրացնելով 1.443.250 ՀՀ դրամ։
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա վարչական շրջանի նախկին ղեկավարին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (պաշտոնեական դիրքն օգտագործելով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ խոշոր չափերով յուրացում կատարելը), 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելը) և 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը):
Աշխատակազմի ֆինանսական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերով (2 դրվագ), 314-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 309-րդ հոդվածի 1-ին մասով։
Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է չբացակայելու արգելքը:
ՔԿ–ից տեղեկացնում են, որ նախաքննության ընթացքում վարչական շրջանի նախկին ղեկավարը վերականգնել է համայնքին պատճառված գույքային վնասը։
Նախաքննությունը շարունակվում է։
Նշված դրվագներով անջատված մասով քրեական վարույթը, մեղարդական եզրակացությամբ, ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և վարույթը դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Իսկ վարչական շրջանի նախկին ղեկավարի առերևույթ մասնակցությամբ հանցավոր այլ դրսևորումների մասով նախաքննությունը դեռևս շարունակվում է։