ՀՀ վարչապետը անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգման վերաբերյալ Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններին
Հայաստանը պատրաստ է կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա: Կառավարության այսօրվա նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգման վերաբերյալ Բրյուսելում տեղի ունեցած բանակցություններին։
Նա շեշտեց, որ հաշվի առնելով նախկին փորձը՝ ձեռնպահ կմնա որևէ կոնկրետացումից. «Միայն նշեմ, որ Հայաստանը պատրաստ է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված կոմունիկացիաների բացումն իրականացնել օր առաջ՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա»,- ասաց նա։
Խոսելով գերիների ազատ արձակման մասին՝ նա հայտնեց, թե այդ թեմայով ևս որոշակի ըմբռնում կա. «Հաշվի առնելով հարցի գերզգայուն լինելը՝ ասեմ, որ այս թեմայով քննարկումները կշարունակվեն առաջիկա հանդիպումների ընթացքում»։