Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ կկիրառի 86 մարդու և ընկերությունների նկատմամբ, որոնք կապված են ռուսական ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Բացի այդ, Լոնդոնը կարգելի Ռուսաստանից պղնձի, նիկելի և ալյումինի ներկրումը, ինչպես նաև ռուսական ադամանդի մատակարարումը, հայտնում է Sky News-ը՝ հղում անելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ պաշտոնապես կհայտարարվի պատժամիջոցների մասին G7-ի գագաթնաժողովում, որը մեկնարկում է ճապոնական Հիրոշիմայում այսօր՝ մայիսի 19-ին։ Ենթադրվում է, որ Լոնդոնի հայտարարած սահմանափակումները «կսառեցնեն» 4 մլրդ դոլարի ադամանդի արտահանումը։
Մեծ Բրիտանիայի կառավարությունն ակնկալում է, որ G7-ի իր գործընկերները նույնպես կհայտարարեն պատժամիջոցների մասին՝ «Մոսկվայի դեմ ուժ ցույց տալու համար», նշել է Սունակի խոսնակը:
«Մեծ Բրիտանիայի և «Մեծ յոթնյակի» գործընկերների կողմից Ռուսաստանի դեմ կիրառված պատժամիջոցները հստակ և առաջադեմ ազդեցություն ունեն Պուտինի ռազմական ջանքերի մակարդակի իջեցման վրա։ «Մեծ յոթնյակը» կմնա միասնական՝ ի դեմս Ռուսաստանի սպառնալիքի և ամուր կկանգնի Ուկրաինայի թիկունքին»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։