Գայանե Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետի որդուն առևանգելու փորձի մեջ
44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի գործով դատական նիստն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 20-ին, ժամը 15։00-ին. լրագրողների հետ զրույցում հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանը մեղադրվում է ՀՀ վարչապետի որդուն առևանգելու փորձի մեջ։ Նա մայիսի 17-ին ձերբակալվել է։ Նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին։
Անդրադառնալով Գայանե Հակոբյանի առողջական վիճակին, Ռուբեն Մելիքյանը նշել է, թե գիշերվա ընթացքում նրա ինքնազգացողությունը վատացել է, սակայն հետո կարգավորվել է։
Մինչ այդ, հիշեցնենք, զոհված զինվորների ծնողները փակել էին Արշակունյաց պողոտան: Սակայն որոշ ժամանակ անց նրանք բացել են՝ տեղափոխվելով դատարանի բակ։