Հայաստանի արտահանման ծավալը ռուսական շուկայում աստիճանաբար նվազում է, ինչն աղետ է ՀՀ առանց այդ էլ փոքր արտահանման համար։ Ապրիլին ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության ծառայությունն արգելեց Հայաստանի կաթնամթերքի ներմուծումը, ինչը 1-2 մլրդ դրամով կրճատեց արտահանման ծավալները։ Այժմ նոր աղետ՝ «Արարատ» կոնյակի գործարանի սեփականատեր Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը դադարեցնում է կոնյակի արտահանումը ՌԴ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ սա ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա։ Նա խոստացել է, որ կառավարությունն ինչքան հնարավոր է՝ արագ արձագանքելու է տեղի ունեցածին․ «Չեմ ասի՝ իդեալական եւ լավագույն ձեւով, բայց՝ անցնցում»։
Հասարակություն
«ՀՐԱՊԱՐԱԿ». PERNOD RICARD-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՆԵՐԸ ՇՈԿԻ ՄԵՋ ԵՆ
Սյուզան Սիմոնյան20 Մայիս 2023 | 09:45
Հայաստանի արտահանման ծավալը ռուսական շուկայում աստիճանաբար նվազում է, ինչն աղետ է ՀՀ առանց այդ էլ փոքր արտահանման համար։ Ապրիլին ՌԴ անասնաբուժական եւ բուսասանիտարական վերահսկողության ծառայությունն արգելեց Հայաստանի կաթնամթերքի ներմուծումը, ինչը 1-2 մլրդ դրամով կրճատեց արտահանման ծավալները։ Այժմ նոր աղետ՝ «Արարատ» կոնյակի գործարանի սեփականատեր Pernod Ricard ֆրանսիական ընկերությունը դադարեցնում է կոնյակի արտահանումը ՌԴ։ Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ նշելով, որ սա ազդելու է խաղողի մթերման ծավալների վրա։ Նա խոստացել է, որ կառավարությունն ինչքան հնարավոր է՝ արագ արձագանքելու է տեղի ունեցածին․ «Չեմ ասի՝ իդեալական եւ լավագույն ձեւով, բայց՝ անցնցում»։
Իսկ ֆրանսիական Pernod Ricard կոնցեռնը ռուսական շուկայից հեռանալու մասին պաշտոնապես հայտնել էր մայիսի 13-ին։ Փաստորեն, գործարանը զրկվեց իր իրացման հիմնական սեգմենտից։ «Արարատ» կոնյակի գործարանի արտահանման 75 տոկոսը բաժին էր ընկնում Ռուսաստանին` ըստ Պետեկամուտների կոմիտեի տվյալների։ Հասկանալի է, որ Pernod Ricard-ի այս քայլը պայմանավորված է ՌԴ-ի դեմ Արեւմուտքի սանկցիաներով եւ լրջագույնս հարվածել է հայկական կոնյակի ռուսաստանցի սիրահարներին։ Նրանք սոցցանցերում ափսոսանքով իրար են փոխանցում ԶԼՄ-ների հրապարակումներն այս մասին։
Pernod Ricard ընկերությունը վերջին 2 տարում պարբերաբար դադարեցնում ու կրկին վերականգնում էր ՌԴ մատակարարումները։ Դադարեցնելու մասին հայտարարել էր ռուս-ուկրաինական պատերազմի առաջին համազարկերի հետ, սակայն այս տարվա ապրիլին կրկին վերականգնեց, հետո նորից հրաժարվեց աշխատել ՌԴ-ի հետ` հայտարարելով, որ հետեւում է սանկցիաներին եւ փորձում է իր աշխատողներին ու գործընկերներին ազատել հնարավոր քննադատությունից։ Այս անգամ, կարծես, ֆրանսիական ընկերությունից ավելի լուրջ խստացում են պահանջել, եւ որոշումը, կարծես, վերջնական է։ Մեր աղբյուրը գործարանի բաժնետերերից մեկն է, որը հայտնում է, որ մոտ 74 տոկոս արտադրանքի արտահանման դադարեցումը նշանակում է կանգնեցնել «Արարատ» գործարանը։ «Մոսկվայում այն դառնալու է դեֆիցիտ, եւ սա նշանակում է, որ գործարանը կհանեն վաճառքի,- ասում է աղբյուրը։- ՀՀ կառավարությունը պետք է որոշում ընդունի՝ արդյոք գնալո՞ւ է գործարանը պետականացնելուն, թե՞ փորձելու է նոր գնորդ գտնել հայաստանյան գործարարների շրջանում»։ Ըստ չճշտված տեղեկությունների՝ վաճառքի շուրջ բանակցությունները սկսվել են ամիսներ առաջ, եւ նույնիսկ 3-4 պոտենցիալ գնորդ կա, իսկ գործարանի նախնական գինը 180 մլն դոլար է։
Մեզ չհաջողվեց որեւէ կերպ ճշտել այս տեղեկությունները, քանի որ «Արարատ» գործարանի ղեկավարությունը, PR բաժինը զանգերի չեն պատասխանում։
«Պեռնո Ռիկարի» հայտարարությունն իսկական մղձավանջ է ստեղծել խաղողագործների շրջանում։ Խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանը, որը նաեւ խաղող մթերող է, մեզ հետ զրույցում ասաց. «Ես ունեմ ֆրանսիացիների հետ այս տարի ստորագրած պայմանագիր, որով Pernod Ricard-ը պարտավորվել է կիլոգրամը 140 դրամով ընդունել մեզնից խաղողը, իսկ երեկ չէ առաջին օրը ես եւ մյուս խաղողագործները բուժանյութ ենք ստացել գործարանից։ Որպես անհատ խաղողագործ՝ անձամբ ես անակնկալի եմ եկել՝ լսելով էկոնոմիկայի նախարարի հայտարարության մասին։ Ամեն տարի 26-36 հազար տոննա խաղող է ընդունել գործարանը, ի՞նչ ենք անելու այդ քանակությունը, ես հիմա չեմ պատկերացնում։ Միակ բարեխիղճ մթերողը ֆրանսիացիների գործարանն էր»։
Կառավարությունը, նախարարը խոստանում են, որ գյուղացու կողքին կլինեն, ի՞նչ կարող են անել ձեզ համար։
Միության նախագահն առանձնապես հույսեր չունի. «Ես չեմ պատկերացնում, որ պետությունը մեր կողքին լինի։ 5 տարի անընդմեջ պետությունը խաղողագործին ասել է՝ էս տարի լավ կլինի, եկող տարի լավ կլինի, աշխատում ենք, հարցերը կլուծվի, պայմանագիր կկնքենք, ու չի արել, խաբել է։ Հիմա եթե Pernod Ricard-ը գնում է, ու իրենք ասում են, որ միջոցներ են ձեռնարկում, որ վերականգնեն նրանց մթերման քանակությունը, դա հավասարազոր է հրաշքի։ Նրանք՝ բոլորը, ստի մեդալներ են ստացել, խաղողի մթերումների ժամանակ մեզ շատ են խաբել։ Խաղողագործությունը Հայաստանում վերացման եզրին է, եւ եթե Pernod Ricard-ը հեռանա, «Խ» տառն էլ կվերանա, ոչ միայն խաղողը»։
Մյուս գործարանների` Ավշարի, Երեւանի կոնյակի, Պռոշյանի հետ խաղողագործները հույս չեն կապում։ «Այսօր մայիսի 19-ն է, ոչ մի գործարան, բացի Pernod Ricard-ից, պայմանագրային պարտավորություններ խաղողագործների հանդեպ չունի։ Մենք հայտնվել ենք անելանելի, անհույս վիճակում։ Մենք չգիտենք՝ կմթերե՞ն խաղողը, չե՞ն մթերի եւ ի՞նչ գնով։ Կգա-կհասնի էդ օրը, մարդիկ մի քիչ ցույց կանեն, ճանապարհ կփակեն, վերջը՝ խաղողը ձրի կամ նիսյա կվերցնեն, կպրծնեն»,- ասաց Խաղողագործների միության նախագահը։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում