«4090 Բարեգործական» հիմնադրամը հայտարարում է կրթավճարների տրամադրման հայտերի ընդունելություն

Հիմնադրամի նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակիցներին։

«4090 Բարեգործական» հիմնադրամը շարունակում է ընդունել հայտեր 2023-2024 ուստարվա կրթավճարների տրամադրման համար: Կարող են դիմել 2016 կամ 2020թթ. պատերազմների մասնակիցները, ովքեր սովորում են ՀՀ որևէ ԲՈւՀ-ում կամ միջին մասնագիտական հաստատությունում և կամ այս տարի են պատրաստվում դառնալ ուսանող:

Դիմորդները պետք է նախ լրացնեն հայտը հետևյալ հղումով, ապա ուղարկեն հայտում նշված բոլոր փաստաթղթերը մինչև մայիսի 31-ը, ժամը 23:59 ներառյալ: Հայտը համարվում է լիարժեք, եթե ուղարկվել է մինչև վերոհիշյալ ժամկետը, PDF ձևաչափով և մեկ նամակով նշված էլեկտրոնային հասցեին ու պարունակում է պահանջվող բոլոր փաստաթղթերը: Հարցերի դեպքում գրել hello@4090foundation.am էլ.հասցեին կամ Հիմնադրամի ֆեյսբուքյան էջին:

Շահառուների ընտրությունը կատարվում է մրցութային կարգով և երկու փուլով` փաստաթղթերի դիտարկում և հարցազրույցի անցկացում:

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջերին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի: Այս պահի դրությամբ Հիմնադրամն ունի ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում սովորող 60 շահառու։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print