Գևորգ Պապոյանի խոսքով՝ գործող օրենքով լինում են դեպքեր, երբ կառուցապատողը 100 տոկոս գումարին էլ է հասանելիություն ունենում, մինչդեռ շենքի կեսն է կառուցված:
Ազգային ժողովի պատգամավոր Գևորգ Պապոյանն առաջարկում է «Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծում փոփոխություններ մտցնել, որի նպատակը շինարարության ոլորտը ռիսկերից զերծ պահելն է:
Գևորգ Պապոյանի խոսքով՝ երբ քաղաքացին նորակառույց շենքից բնակարան է գնում, որից միայն 4 հարկն է կառուցված, բայց բնակարանը գնում է այդ շենքի 8-9-րդ հարկից, որը դեռ չկա, պայմաններն այսպես են լինում երբեմն. պայմանագրի համաձայն՝ պետք է վճարել բնակարանի գնի 50 տոկոսը, կամ կառուցապատողը 50 տոկոսին պետք է հասանելիություն ունենա, մյուս 50 տոկոսը կարող է սառեցվել կառուցապատողի հատուկ հաշվին մինչև շենքի կառուցման ավարտը: Բայց գործող օրենքով լինում են դեպքեր, երբ կառուցապատողը 100 տոկոս գումարին էլ է հասանելիություն ունենում, մինչդեռ շենքի կեսն է կառուցված, իր հարկը կառուցված չէ:
Նոր նախագծով առաջարկվում է չօգտագործել գնորդի վճարած գումարի 75 տոկոսը, քանի դեռ շենքի ավարտական ակտը չկա:
«Մարդու սեփականության վկայականը քանի դեռ չի հանձնվել, հնարավորություն չկա օգտագործելու գնորդի վճարած գումարի 75 տոկոսից ավելին, այսինքն՝ 75 տոկոսից ավելին սառած է մնալու հաշվի վրա»,- մանրամասնեց Պապոյանը, ապա հավելեց, որ եթե այնպես ստացվի, որ կեսից կանգնի շենքի շինարարությունը, ապա մարդը բանկում սառեցրած ունի դեռ 75 տոկոս գումար, որով հնարավոր է այդ շենքի շինարարությունն ավարտել, և բնակարանները հանձնել: