Շրջափակմամբ և արտաքին այլ գործոններով պայմանավորված ռիսկերին ավելանում է նաև Արցախի ներքին կյանքի հիմնախնդիրների սրումը և ներքաղաքական ապակայունությունը: Իսկ ահա լայն տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մեծապես խորացնում են Արցախի մարտահրավերներն ու գոյաբանական վտանգները:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հրատապ արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ հանդես է եկել ուղերձով:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ արդեն 163 օր շարունակ Արցախը ապրում է խորացող ադրբեջանական հանցավոր շրջափակման պայմաններում, և մեր շուրջը տեղի են ունենում բովանդակային առումով անընդհատ փոփոխվող իրադարձություններ, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց ազդեցությունն են թողնում տարածաշրջանի և, մասնավորապես, Արցախի Հանրապետության և մեր ժողովրդի վրա:
«Չնայած ստեղծված իրավիճակին ու օրեցօր ահագնացող մարտահրավերներին՝ Արցախի ժողովուրդը մաքառում է իր սեփական հողում իր հավաքական իրավունքների ու ազատությունների համար՝ շարունակելով նախնիների սուրբ գործը:
Շրջափակմամբ և արտաքին այլ գործոններով պայմանավորված ռիսկերին ավելանում է նաև Արցախի ներքին կյանքի հիմնախնդիրների սրումը և ներքաղաքական ապակայունությունը: Իսկ ահա լայն տարածաշրջանում և Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացում նորանոր զարգացումներ են տեղի ունենում, որոնք մեծապես խորացնում են Արցախի մարտահրավերներն ու գոյաբանական վտանգները: Ահա այս ճակատագրական զարգացումները դրդեցին ինձ խոսել Արցախի քաղաքացիների և ամբողջ հայ ժողովրդի հետ՝ ուղերձի ձևաչափով:
Արտաքին քաղաքական և անվտանգային ուղղություններում այժմ առկա են մի շարք գործոններ, որոնք ուղղակիորեն ազդում են Արցախի ժողովրդի ներկայի ու ապագայի վրա: Կուզեի դրանցից առանձնացնել հետևյալները՝
- Արցախի ավելի քան հնգամսյա շրջափակումը՝ փուլ առ փուլ ահագնացող հումանիտար ու քաղաքական մարտահրավերներով և անվտանգային սպառնալիքներով.
- Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների շարունակական խափանման հետևանքով հումանիտար վիճակի վատթարացումը և ռիսկերի մեծացումը.
- Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ ռազմական նոր ագրեսիայի ռիսկի շարունակական աճը և էթնիկ զտման իրականացման անթաքույց նկրտումները.
- 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված՝ Արցախի ժողովրդի անվտանգության ռուսական երաշխիքների լրջագույն ճեղքումը.
- Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական լարվածության և Ադրբեջանի ագրեսիվության աճը.
- Միջազգային իրավակարգի շարունակական թուլացումը և միջազգային հանրության ձախողումը Արցախի ժողովրդի անվտանգության ու հիմնարար իրավունքների ապահովման, ինչպես նաև՝ միջազգային դատարանների որոշումների կատարման հարցում.
- Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դիրքերի շարունակական թուլացումը և Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելուն ուղղված քայլերը»,- նշել է Նախագահ Հարությունյանը
<