Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 38 մլրդ 500 մլն դրամի գույքային վնաս ։
Հանրապետությունում հայտնաբերվել են ապօրինի խաղատնային գործունեության մի շարք դեպքեր. քաղաքացիները կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ մասին հայտնում են Դատախազությունից։
Դատախազը 13 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությունները 2023 թվականի մարտի 2-ին, ապրիլի 19-ին, մայիսի 17-ին և 18-ին վարույթի նյութերի հետ հանձնել է իրավասու դատարան:
«Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ Ս.Պ.-ն և Դ.Շ.-ն 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2021 թվականի փետրվարը կազմակերպել և իրականացրել են «Պոկեր» տեսակի կենդանի շահումով խաղեր: Այդ նպատակով վարձակալել են առանձնատուն, պայմանավորվածություններ են ձեռք բերել պետական գրանցում ունեցող ու լիզենզավորված խաղատների խաղավարներ Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի հետ և մասնակիցներին վաճառել 1000, 5000 և 25 հազար դրամին համարժեք խաղաքարեր՝ խաղադրույք կատարելու նպատակով: Յուրաքանչյուր շահած գումարից Ա.Գ.-ի ու Ա.Բ.-ի կողմից՝ հօգուտ Ս.Պ.-ի և Դ.Շ.-ի, խաղաքարերի տեսքով գանձվել է 5 տոկոս գումար, որը 1 ժամում միջինում կազմել է 30-40 հազար դրամ (խաղերը տևել են օրական նվազագույնը 5-6 ժամ)»,-ասվում է հաղորդագրությունում:
Մեկ այլ քրեական վարույթով պարզվել է, որ քաղաքացիներ Հ.Մ.-ն, Հ.Ս.-ն, Հ.Կ.-ն, Ա.Կ.-ն և Գ.Թ.-ն Երևան քաղաքի տարբեր հասցեներում, Վանաձորում, Կոտայքի մարզի Քասախ համայնքում տարածքներ են վարձակալել՝ ապօրինի «Պոկեր» տեսակի շահումով խաղեր կազմակերպելու և շահույթ ստանալու նպատակով։
Արդյունքում՝ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 44 մլրդ դրամի գույքային վնաս ։
Դատախազի որոշմամբ՝ վերոնշյալ քաղաքացիների նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։