Ծրագիրը մեկնարկելու է Երևանից, այնուհետև անցում կկատարի մարզային բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ։
Ազգային Ժողովը 65 կողմ, 25 դեմ և 6 ձեռնպահ ձայներով հաստատեց օրինագիծը, ըստ որի հանրապետությունում գործող բժշկական կենտրոններն ու դեղատներն այսուհետև կլիցենզավորվեն 5 տարի ժամկետով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքով` նախագծի ընդունումը նպատակ ունի մշտապես բարելավել բժշկական օգնության որակը։
«Կառավարության ծրագրով նախատեսված, բժշկական որակի բարելավմանն ուղղված մի շարք միջոցառումներ ունենք, որոնց շարքում բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքների բարելավումն է, մասնագիտական կարողությունների թարմացումը և բժշկագիտության զարգացումը»,- ասաց Ավանեսյանը` ներկայացնելով «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Այս օրենքով նախատեսվում է, որ ԲԿ-ների լիցենզավորումը պարբերական բնույթ է կրելու, և ամեն 5 տարին մեկ կազմակերպությունը պետք է վստահեցնի, որ համապատասխանում է տվյալ պահին առկա լիցենզավորման բոլոր պահանջներին։
Նշենք, որ ծրագիրը սկսվելու է Երևանից, այնուհետև անցում կատարելով մարզային բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ՝ սկսելու են ամբողջ համակարգի վերալիցենզավորման գործընթացը։