Խաշած ձվում, ինչպես նաև վերցված խմելու ջրի նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել:
Արտաշատի մանկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։ Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից (ՍԱՏՄ)։
ՍԱՏՄ-ից հիշեցնում են, որ մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզից «Սննդային թունավորում չճշտված էթիոլոգիայով» ախտորոշմամբ հիվանդանոց տեղափոխված բոլոր երեխաները մայիսի 22-ին դուրս են գրվել մանկական բաժանմունքից:
Նշվում է, որ լաբորատոր հետազոտության արդյունքում պարզվել է, որ ներկայացված թանապուրը՝ ՄԱՖԱնՄՔ (մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ) և ոսկեգույն ստաֆիլակոկ (S․aureus), ոլոռով սուպը՝ ՄԱՖԱնՄՔ և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ), իսկ մակարոնով փլավը ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
«Շեղում է արձանագրվել խոհանոցից և խմբասենյակներից վերցված լվացուկներում, իսկ մանկապարտեզի սաների և սպասարկող անձնակազմի կլինիկական նմուշների լաբորատոր հետազոտության արդյունքում հայտնաբերվել են նորովիրուսի հարուցիչներ», -ասված է հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ խաշած ձվում, ինչպես նաև վերցված խմելու ջրի նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել:
Հաշվի առնելով վերոնշյալը` ՍԱՏՄ-ից պարզաբանում են, որ անկապարտեզում բռնկման հավանական պատճառը երկրորդային աղտոտվածությունն է։
Այս պահին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի կենտրոնի տեսուչները Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզում իրականացնում են պետական վերահսկողություն՝ ստուգում։