Ազգային Ժողով-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, պատասխանելով կաթի գների մասին հարցին, ասաց, որ կաթի գները նախանցյալ տարվա կաթի գներից ավելի էժան չեն։
Պատգամավոր Նարեկ Գրիգորյանը նշեց, որ օրինակ Գեղարքունիքի մարզում «խելացի անասնագոմը» այնքան էլ արդյունավետ չէ, քանի տարվա մեջ մասը ցուրտ է։ Էկոնոմիկայի նախարարն էլ ի պատասխան ասաց․ «Խոշոր եղջերավոր անասունների համար ինչքան ցուրտ, էնքան լավ։ Եվ այսօր մինուս 20-ը շատ ավելի լավ ջերմաստիճան է, քան պլյուս 25-ը կամ 20-ը։ Ինչո՞ւ է Գեղարքունիքի մարզում խոշոր եղջերավոր անասնապահությունը զարգացած, որովհետեւ այնտեղ ցուրտ է, եւ հարմար բնակլիմայական պայմաններ են՝ այդպիսի արտադրանք արտադրելու համար»։
ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ նշեց, որ մինչեւ հիմա ինքը գիտեր, որ մինուս 20-ին եղջերուներն են իրենց լավ զգում, հյուսիսային եղջերուները․ «Հիմա պարզվում է, որ կովերն էլ են իրենց լավ զգում մինուս 20-ի պարագայում»։
–