«Բոմոնդ» խանութների ցանցը  թաքցրել է հարկերը

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։

«Նոր Զովքի» կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակներում հայտնի է դարձել պետությունից առանձնապես խոշոր չափերով հարկեր թաքցրած մեկ այլ ընկերության «Բոմոնդ» խանութների ցանց մասին է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Շինանյութի մանրամեծածախ վաճառքով զբաղվող «ԱՎԱՄ ԳՐՈւՊ» («Բոմոնդ» խանութների ցանց) գործադիր տնօրեն Ս.Ս-ն, ծրագրային ապահովման ոլորտում աշխատող «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ» ՍՊԸ–ի սեփականատեր Վ.Ս.-ի օժանդակությամբ, 2016 թվականի ապրիլ ամսից 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ թաքցրել է «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ»–ի հարկման օբյեկտը և հարկային հաշվարկներում մտցրել խեղաթյուրված տվյալներ։

«ԱՎԱՄ ԳՐՈւՊ»–ի վաճառքից առաջացած եկամուտները թաքցնելու և միաժամանակ իրական շրջանառությունը վերահսկելու համար Ս.Ս.-ն ներգրավել է Վ.Ս-ին, որը վճարի դիմաց հանցանքի կատարման համար տրամադրել է գործիքներ ու միջոցներ, վերացրել է խոչընդոտներ, մասնավորապես`իրական շրջանառությունների վերաբերյալ տվյալները թաքցրել է իր հաշվառման հասցեի նկուղում։ ՔԿ–ից հիշեցնում են, որ նույն սերվերային համակարգից հայտնաբերվել էին նաև «Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից թաքցրած շրջանառության վերաբերյալ տվյալները։

«Այդ կերպ «ԱՎԱՄ ԳՐՈՒՊ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ն, տիրապետելով ընկերության կողմից իրացված ապրանքների իրական շրջանառությանը, որը 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվարի 20-ը ներառյալ կազմել է 7.613.869.637 ՀՀ դրամ, Վ.Ս.-ի օժանդակությամբ առանձնապես խոշոր չափերով ավելացված արժեքի հարկը և շահութահարկը չվճարելու նպատակով թաքցրել է ընկերության կողմից հիշյալ ժամանակահատվածում իրականացված հարկվող գործարքների մի մասը, նույն հաշվետու ժամանակաշրջանների համար հարկային մարմին ներկայացված հաշվարկային փաստաթղթերով ցույց է տվել 3.437.911.927 ՀՀ դրամ շրջանառություն՝ չհայտարարագրելով 4.175.957.710 ՀՀ դրամ շրջանառությունը, և 2016թ. ապրիլ ամսից 2023թ. փետրվար ամիսների ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական, 2019-2021 թթ. շահութահարկի տարեկան հաշվարկներում մտցրել է խեղաթյուրված տվյալներ»,– հայտնում են ՔԿ–ից։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա միջնորդություններ են ներկայացվել մի խումբ անձանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար, այդ թվում` «Ավամ Գրուպ» ՍՊ ընկերության տնօրեն Ս.Ս.-ի, նախկին տնօրեն Վ.Ա.-ի, գլխավոր հաշվապահներ Մ.Խ.-ի և Ս.Մ.-ի, ինչպես նաև «ԱԿԹՐԵՅԴ–ՍՈՖԹ»–ի սեփականատեր Վ.Ս.-ի նկատմամբ։

Նախաքննության ընթացքում «Ավամ Գրուպ»–ի տնօրեն Ս.Ս.-ն պետական բյուջե է վերականգնել շրջանառությունը թաքցնելու արդյունքում չվճարված գումարից 500.000.000 ՀՀ դրամ հարկային պարտավորությունները։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված բացակայելու արգելքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print