Դասախոսներին ձայնագրել ու տեսագրել են․ «Հրապարակ»

Երեկ երեկոյան, ուշ ժամի դատարանը բավարարեց Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների միջնորդությունները, եւ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանը կալանավորվեց։ Կալանավորվեցին նաեւ ֆակուլտետի ամբիոնի դոցենտ Գագիկ Տոնոյանը, ուսանողներից մեկը, ով կասկածվում է կաշառք տալու համար։ 

Հիշեցնենք․ ԵՊՀ դասախոսները ձերբակալվել էին չորեքշաբթի՝ մայիսի 24-ի առավոտյան ԱԱԾ-ում նախաձեռնված վարույթի շրջանակներում։

Իրավապահները փաստական տվյալներ ունեն, որ Հայկ Սարգսյանն ու մյուս դասախոսներն ուսանողներից կաշառք են վերցրել։ Նշվում է կոնկրետ չափ՝ 4 հազար դոլար։

Մեր տեղեկություններով, մեղադրյալները վեցն են։ Նրանց թվում են Հայկ Սարգսյանի տեղակալը, դասախոսներ Գագիկ Տոնոյանն ու Արմեն Ներսիսյանը, Հայկ Սարգսյանի կինը, նաեւ՝ կաշառք տվող ուսանողներ։ Իսկ կալանավորված անձինք հինգն են։

Քննությանը մոտ աղբյուրից պարզեցինք սկանդալային միջադեպի մանրամասները։Հանցագործության մասին իրավապահներին հայտնի է դարձել ոչ թե կաշառատուների բերած բողոքից, ինչը սովորաբար լինում է նման բացահայտումների ժամանակ, այլ ԱԱԾ օպերլիազորից։ Վերջինս զեկուցագիր է գրել, որ ունի օպերատիվ տվյալներ առ այն, որ ԵՊՀ տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկան, տնտեսագետ Հայկ Սարգսյանը, շահադիտական նկատառումներից ելնելով, օժանդակել է որոշ դասախոսների եւ աշխատակիցների՝ ուսանողներից իրենց իրական գնահատականներից բարձր գնահատականներ ստանալու հարցում։

Ըստ օպերլիազորի, նա ցուցակագրել է ֆինանսական կարողություններ ունեցող ուսանողներին եւ քննությունների ու ստուգայցերի համար նրանցից պահանջել է 100-1500 դոլար կաշառք։ Զեկուցագիրը գրվել է այս տարվա փետրվարի 7-ին։ Օպերլիազորի զեկուցագրի հիման վրա էլ Հայկ Սարգսյանին սկսել են հետեւել։ Տեսախցիկներ են տեղադրվել ֆակուլտետում եւ մոտ 4,5 ամիս դասախոսներին ձայնագրել ու տեսագրել են։ Նյութերն էլ դրվել են մեղադրանքի հիմքում` որպես ապացույց։

Տեսանյութերից մեկում երեւում է, թե ինչպես են Հայկ Սարգսյանի աշխատասենյակ բերում կոնյակի տուփ, որի մեջ դրված է կոնյակ, եւ գումար՝ 4 հազար դոլար։ Կան կադրեր, որտեղ Հայկ Սարգսյանն ու նրա կինը հաշվում են դոլարները։ Նաեւ կան ձայնագրություններ, որտեղ դասախոսներից մեկն ասում է, որ չորս հոգի են, ամեն մեկը 120 հազար դրամ ա տալիս, մյուսն էլ ասում է. երեքը՝ ինձ, մեկը` քեզ։

Դասախոսներից մեկը փողը վերցրել է, մյուսն ասել է, որ համապատասխան գնահատական դնի։
Ինչո՞ւ են հենց Հայկ Սարգսյանին եւ նրա մտերիմներին հետեւել ԱԱԾ-ականները, արդյո՞ք այստեղ առկա է քաղաքական ենթատեքստ․ ահա այն հարցը, որ այս օրերին տալիս են այս պատմության մասին լսողները։ Չէ՞ որ Հայկ Սարգսյանը լավ հարաբերություններ ուներ նախկինների հետ, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի որդիները նրա մոտ են պաշտպանել։ Քննությանը մոտ աղբյուրն ասում է, որ չի կարծում, թե դա համապատասխանում է իրականությանը․ «Մաքուր աշխատած կաշառքի գործ ա»։

Հայկ Սարգսյանը 75 տարեկան է, նա բավականին լավ համարում ունի` որպես տնտեսագետ եւ դեկան։ Ուսանողները նրան հարգում են։ ՀՀԿ-ի տիրապետության տարիներին նա այն եզակի դեկաններից էր, որոնք կարողացան զերծ պահել ֆակուլտետը քաղաքական շահարկումներից, քծնանքից, ինչը չէիր ասի «Ժող»-ի մասին։ Հայկ Սարգսյանը նիկոլական էլ չէ։ Թեեւ, մեր տեղեկություններով, նրա վրա որոշակի ճնշումներ եղել են, եւ նա խոստացել է, որ չի առաջադրվելու Տնտեսագիտության եւ կառավարման ֆակուլտետի դեկանի հաջորդ ընտրությանը։
Հայկ Սարգսյանին առաջարկվել է, որ այլեւս չմասնակցի, եւ նա համաձայնել է։ 

Օրեր առաջ էլ Սարգսյանը ԵՊՀ պատվավոր պրոֆեսորի կոչում է ստացել եւ պատրաստվում էր գնալ պատվավոր թոշակի, բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ։

Հայտնի է, որ դասախոսներն առայժմ ցուցմունք չեն տալիս։ Հայկ Սարգսյանի կինը չի կալանավորվի։ Թե ինչ հեռանկար ունի այս գործը, կարելի է ենթադրել։

Կաշառք ստանալու Քրեական օրենսգրքի հոդվածը ենթադրում է նվազագույնը 4 տարվա ազատազրկում, եւ, հավանաբար, հաշվի առնելով տարիքն ու հեղինակությունը, գուցե որոշ ժամանակ անց խափանման միջոցը փոխեն, իսկ պատիժը լինի պայմանական։ 

Ի դեպ, 90-ականներին, երբ Հայկ Սարգսյանը զբաղեցրել է Էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահի, ապա էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալի պաշտոնները, նա մեկ անգամ էլ է հայտնվել նման քրեական պատմության մեջ` Հայաստան ներկրում-արտահանումների հետ կապված մի մեղադրանքով մոտ 2 տարի կալանավորված է եղել, ապա ազատ արձակվել: Իսկ 2000 թվականին ընտրվել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, որտեղ էլ մինչ օրս աշխատում էր։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print