Պատերազմի ընթացքում գաղտնալսել են մի շարք քաղաքացիների

Հետաքննության արդյունքում նույնականացվել է 12 անձ, ում Apple սարքերը վարակվել են Pegasus լրտեսող ծրագրերով 2020-ի հոկտեմբերից մինչև 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

Կիբեռանվտանգության միջազգային փորձագետների խումբը համատեղ հետաքննության շրջանակում պարզել է, որ Հայաստանում որոշ քաղաքացիական անձանց գաղտնալսել են իսրայելական NSO Group ընկերության արտադրության Pegasus լրտեսող ծրագրի միջոցով, հայտնում է tech.news.am-ը։

Հետաքննության արդյունքում նույնականացվել է 12 անձ, ում Apple սարքերը վարակվել են Pegasus լրտեսող ծրագրերով 2020-ի հոկտեմբերից մինչև 2022-ի դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում։

Գաղտնալսման զոհերից են՝ ԱԳՆ նախկին խոսնակ Աննա Նաղդալյանը, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Աստղիկ Բեդևյանն ու Կառլեն Ասլանյանը, ArmNews հեռուստաընկերության (այժմ չի գործում) համահիմնադիր Սամվել Ֆարմանյանը, նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը,
թուրքագետ Վարուժան Գեղամյանը, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Մյուս զոհերը ցանկացել են անանուն մնալ, սակայն հայտնի է, որ նրանց թվում է նաև ՄԱԿ մեկ ներկայացուցիչ։

Հետազոտության հեղինակները հարձակումները կապում են Ադրբեջանի կառավարության հետ։

Pegasus-ի հարձակումների երկրորդ շարքը տեղի է ունեցել 2022-ին՝ 2022-ի սեպտեմբերին տեղի ունեցած սահմանային լայնամասշտաբ էսկալացիայից առաջ, 2022-ի հոկտեմբերին՝ Պրահայում և Սոչիում խաղաղ բանակցություններից, ինչպես նաև 2022-ի դեկտեմբերի 12-ին սկսված Լաչինի միջանցքի շարունակական շրջափակումից առաջ։

Այս հետաքննության արդյունքները մեծ ուշադրություն են գրավել, այդ թվում՝ միջազգային լրատվամիջոցների շրջանում։

Հետաքննության մասին, մասնավորապես, գրել են Reuters-ը, Forbes-ը, The Guardian-ը, Techcrunch-ը, Haaretz-ը և այլն։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print