«Սևան ազգային պարկ»-ում կոռուպցիոն հանցագործություններ են կատարվել․ ՔԿ

Փաստացի պաշտոնեական կեղծիքի կատարմամբ, չաշխատած ժամանակահատվածների համար նշված անձանց անունով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Քննչական կոմիտեի հաղորդում է, որ բացահայտվել են Սևան «Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենների, այլ աշխատակիցների կողմից մի շարք կոռուպցիոն հանցագործություններ կատարելու դեպքեր։ 

«Մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել է, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի 5 և «Վարդենիս» մասնաճյուղի 4 տեսուչները, 2012-2019թթ․ ընթացքում, տարբեր ամսիների և օրերի չեն հաճախել աշխատանքի, փաստացի չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, նրանցից ոմանք այդ ընթացքում նաև բացակայել են հանրապետությունից։ Սակայն նշված մասնաճյուղերի՝ տվյալ ժամանակահատվածում պաշտոնավարած տնօրենները՝ համապատասխանաբար Հ.Մ․-ն և Մ․Հ․-ն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, դիտավորությամբ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում նրանց անվան դիմաց, չաշխատած օրերի սյունյակում բացականեր չեն արտացոլել։ Ընդ որում, ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենը ևս, նույն եղանակով, 2019թ․ հուլիս-նոյեմբեր ժամանակահատվածում աշխատանքի չի հաճախել, սակայն բացակայելու վերաբերյալ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում այդ մասին նշումներ չանելու արդյունքում նրան չաշխատած օրերի համար ևս աշխատավարձ է վճարվել։  

Արդյունքում, փաստացի պաշտոնեական կեղծիքի կատարմամբ, չաշխատած ժամանակահատվածների համար նշված անձանց անունով ՀՀ պետական բյուջեից ելքագրվել է ընդհանուր 4․158․011 դրամի չափով աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։ 

Պարզվել է նաև, որ ՊՈԱԿ-ի երկու մասնաճյուղերի տնօրենները, տեղյակ լինելով 2019թ․ նույն մասնաճյուղերի երեք տեսուչների կողմից Սևանա լճից, իրենց սպասարկման տարածքներում, ձկների ապօրինի արդյունահանում կատարելու մասին, դրան ի պաշտոնե չխոչընդոտելու և չկանխելու համար տեսուչներից որպես կաշառք պահանջել և ստացել են գույքային առավելություն՝ «Սիգ» տեսակի ձկներ: Ավելին՝ Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրենը, խախտելով օրենսդրության պահանջները, նույն մասնաճյուղի 2 տեսուչներին ինքն է թույլատրել Սևանա լճից իրականացնել ձկների ապօրինի արդյունահանում։ 

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի նախկին տնօրեն Հ․Մ․-ն 2017-2018թթ․ ընթացքում՝ չպարզված օրերին,  օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի «Արեգունի» տեղամասից ապօրինի հատել է «Սոճի» ցեղին պատկանող ընդհանուրը՝ 18 հատ կենսունակ ծառ, որոնցից 5-ը, կատարված խուզարկությամբ, հայտնաբերվել է Վարդենիս քաղաքի նրա բնակարանի բակում՝ բուսական աշխարհին պատճառելով խոշոր չափի՝ ընդհանուր 1 375 000 դրամի գույքային վնաս։

Բացի այդ, 2019թ. մայիսին, մասնաճյուղի անտառագետից տեղեկանալով մի անձի կողմից պահաբաժիներից մեկի տարածքում թվով 3 «Թեղի» տեսակի ծառերն ապօրինի հատելու փաստի մասին, այն չարձանագրելու և սահմանված կարգով ընթացք չտալու համար, նախապես պայմանավորվելով անտառագետի հետ, որպես կաշառք այդ անձից պահանջել և Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածում ստացել են 40.000 դրամ գումար՝ թույլատրելով ապօրինի հատված ծառերի կոճղերն արմատախիլ անել և վերացնել հետքերը:

Իր հերթին «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» մասնաճյուղի տնօրենը, տեղյակ լինելով 2018-2019թթ․ մի քաղաքացու կողմից մասնաճյուղի տարածքից ավազի ապօրինի արդյունահանում կատարելու մասին, իր լիազորություններից բխող գործողություններ չկատարելու և այդպիսով նրա կողմից ավազի ապօրինի արդյունահանումն ի պաշտոնե չխոչընդոտելու, չկանխելու համար, այդ անձից 2019թ․ ապրիլից հուլիս ընկած ժամանակահատվածում որպես կաշառք պահանջել և մաս-մաս ստացել է ընդհանուր՝ 116.000 դրամ գումար:

Ձեռք բերված փաստերի հիման վրա  «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Վարդենիս» և «Արևիկ» մասնաճյուղերի տնօրեններին մեղադրանք է ներկայացվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելով հափշտակություն կատարելու, պաշտոնեական կեղծիքի, կաշառք ստանալու, «Արևիկ» մասնաճյուղի անտառագետին՝ կաշառք ստանալու, մասնաճյուղերի 5 տեսուչներին՝ կաշառք տալու համար։ 

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Արևիկ» մասնաճյուղի տնօրենի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված եղել կալանքը, որը հետագայում փոխարինվել է գրավով, իսկ մյուս 8 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Նախաքննությունն ավարտվել է, և 9 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթն ուղարկվել է դատարան»,- ասված է հաղորդագրությունում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print