Արցախի Հանրապետությունից տեղահանված, ադրբեջանական այսպես կոչված էկոակտիվիստների պատճառով ՀՀ տարածքում մնացած արցախցիների մի մասն այսօր արդեն աշխատանք է գտել Սյունիքի մարզում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։
Ղուկասյանի խոսքով՝ նրանց տեղավորել են Գորիս քաղաքի հյուրանոցներում. արցախցիներն ապահովված են և՛ սննդով, և՛ կացարանով, նրանց աջակցում է նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
«Անում ենք մաքսիմալը, ինչ հնարավոր է։ Մեզ մոտ նաև Բերձորից և Աղավնոյից տեղահանված ընտանիքներ ունենք։ Բոլորին անձամբ կամ մեր մարզպետարանի ներկայացուցիչներն այցելել են։ Այսօր նրանց մի մասին աշխատանքի է անցել։ Նրանց բոլորի գիտելիքներին ու հմտություններին ծանոթ ենք, իմ հանձնարարությամբ ամեն ինչ արձանագրված է, և այսօր մի մասը, որոնք ուսուցիչներ կամ դաստիարակներ են եղել, Սյունիքի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում են աշխատում»,- նշեց Ղուկասյանը։
Սյունիքի մարզպետի պնդմամբ՝ բոլոր արցախցիներն ունեն հավաստագրեր, բայց լավ կլինի, որպեսզի մարդիկ վերջնականապես ընտրեն, թե որտեղ են ցանկանում ապրել։ Նա վստահեցրեց, որ Սյունիքում հաստատված արցախցիներին միայն մարզպետարանը չէ, որ օգնում է. յուրաքանչյուր սյունեցի պատրաստակամ է այդ հարցում։