Որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ հայտնել Է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը, հայտնում է Sputnik Արմենիան։
«Մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Փաշինյան – Պուտին երկկողմ հանդիպման ժամանակ հայկական կողմը հավանություն է տվել Սյունիքում ռուսական հյուպատոսության բացմանը»,– «Ալֆա նյուզը» մեջբերել է Պալտովի խոսքերը։
Ռուս դիվանագետը նաև հայտնել է, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:
Պալտովը շեշտել է, որ որոշվել է մարդկանց ուղարկել տեղում աշխատանք կատարելու համար։
«Որպեսզի նրանք արդեն այնտեղ տեղում սկսեն աշխատել և իրենց ներդրումն ունենան ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։ Հուսով եմ, որ հունիսին մեր այցը արդյունավետ կլինի», – նշել է Սերգեյ Պալտովը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ըստ Ռուսաստանի դիվանագիտական շրջանակներում ՍիվիլՆեթի աղբյուրների Ռուսաստանը ծրագրում է հյուպատոսություն բացել Հայաստանի Սյունիքի մարզի Կապան քաղաքում։