Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի` Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ

Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին։

Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմենիային տեղեկությունը հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։

«Հայկական կողմը դեռ ապրիլին իր համաձայնության մասին հայտնել է ռուսական կողմին»,– տեղեկացրեցին ԱԳՆ-ից։

Ավելի վաղ գրել էինք, որ Մոսկվայում հայ-ռուսական փորձագիտական կլոր սեղանի ժամանակ ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի տնօրենի տեղակալ Սերգեյ Պալտովը հայտնել Էր, որ Ռուսաստանի Դաշնությունը հյուպատոսություն կբացի Սյունիքի մարզում։

Ռուս դիվանագետը նաև ասել էր, որ որոշում է կայացվել հյուպատոսության բացման համար պետական երկարատև ընթացակարգեր չանցկացնել, որոնք առնվազն մեկ տարի կպահանջեն, այլ գնալ պարզեցված ճանապարհով:

Պալտովը նաև շեշտել էր, որ մարդկանց ուղարկելու են տեղում աշխատել և իրենց ներդրումն ունենալ ոչ միայն հայ-ռուսական բարեկամության պահպանման, այլև Հայաստանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող այս տարածաշրջանի անվտանգության գործում։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print