Աշտարակ-Գառնի ավտոճապարհին երիտասարդ ըմբիշների մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր ավտովթարից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Կարապետյանը։
«Վթարից անմիջապես հետո երեք երեխաները տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, մեկը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ վիրահատվելուց հետո տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։ Երեքի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծայրահեղ տերմինալ։ Դեղորայքի ու արյան պակաս չունենք, ինչպես սոցցանցերում է տարածվել, միայն ալբումինի պակաս է եղել, բերել են, դա ընդունված կարգ է», – ասաց Կարապետյանը։
Անդրադառնալով ողբերգական միջադեպին՝ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ընդգծեց, որ նման սարսափելի դեպքը ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանում երթևեկության բոլոր կանոնները դեռևս չեն պահպանվում։
«Ավտոմեքենայում նախատեսված քանակից ավելի են եղել երեխաները, վստահ եմ՝ ամրակապված չեն եղել։ Այս ծանրագույն դեպքի հետևանքների պատճառներից մեկը նաև դա է»,–ասաց նա։
Հիշեցնենք` Գառնիի Բանավանից դեպի Արտաշատ ճանապարհին տեղի էր ունեցել ավտովթար։ Վթարի հետևանքով «Վազ 2106»-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի 6 ուղևորները, որոնց թվում 5-ը՝ երեխաներ, ինչպես նաև մյուս ավտոմեքենայի վարորդը, մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Երևան քաղաքի բժշկական հաստատություններ։
—