ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել հունիսի 1-ին։
Հայկական կողմը դեռ չի ստացել Ադրբեջանի մեկնաբանությունները Վաշինգտոնում կայացած հանդիպումից առաջ փոխանցած առաջարկների վերաբերյալ.։ Այս մասին այսօր ԱԺ–ում 2022թ–ի բյուջեի կատարողականը ներկայացնելիս հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Եթե ճիշտ եմ հիշում՝ դա խաղաղության պայմանագրի արդեն չորրորդ խմբագրումն է: Չորրորդ խմբագրումը փոխանցել ենք, այս պահի դրությամբ դեռևս դրանց մեկնաբանությունները չենք ստացել»,– հայտարարեց վարչապետը։
Անդրադառնալով հունիսի 1-ին Քիշնեւում կայանալիք հնգակողմ հանդիպման շրջանակում խաղաղության պայմանագրի հնարավոր ստորագրմանը՝ ՀՀ վարչապետը վստահեցրեց, որ այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլինի ստորագրել հունիսի 1-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 1-ին Քիշնևում տեղի է ունենալու հնգակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: