Արցախի պետնախարարի խոսքով՝ որոշ նյութապաշտ տնտեսվարողների գործողությունների պատճառով Արցախ տեղափոխվող օգնությունը պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով է հասնում։
Արցախում խաղաղապահ ուժերի կազմում ընդգրկված ռուսական իրավապահ մարմինների հետ համագործակցությունը նոր թափ է ստացել, որը կարճ ժամկետում թույլ կտա չեզոքացնել այն երևույթները, որոնք նպաստում են շուկայում տարբեր ապրանքատեսակների գնաճի, անառողջ մրցակցության ու տնտեսական շահերի բախման: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
«Հումանիտար բեռնափոխադրումներով կազմակերպվող անհրաժեշտ սննդամթերքը, դեղորայքը և առաջին անհրաժեշտության ապրանքները հաճախ պլանավորվածի համեմատությամբ քիչ քանակով են հասնում Արցախ որոշ նյութապաշտ տնտեսվարողների գործողությունների պատճառով: Այս ամենը հրապարակվում է, որպեսզի ոչ մեկի մոտ ամենաթողության տպավորություն չստեղծվի: Կրկին հորդորում ենք հրաժարվել նման քայլերից և զերծ մնալ գույքային վնասներ կրելուց»,- գրել է նա: