ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանին․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Պետդեպին

Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արած հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ–ն` արձագանքելով այսօր ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի հայտարարությանը։

ՀՀ ԱԳՆ–ն շեշտում է՝ Միացյալ Նահանգները պետք է համարժեք արձագանքի Ադրբեջանին՝ կանխելու նրա ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները։

«Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը»,– ասված է հաղորդագրությունում:

ՀՀ ԱԳՆ–ն ևս մեկ անգամ հիշեցրել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն:

Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը նշել էր, որ ողջունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները «համաներման» վերաբերյալ։

Նշենք, որ Ալիևը մայիսի 28-ին Ղարաբաղի իշխանություններից պահանջել էր ցրել խորհրդարանը, իսկ պաշտոնյաներին՝ լքել իրենց պաշտոնները։ Նա շեշտել էր, որ միայն այդ կերպ նրանք կարող են «համաներում» ստանալ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print