ԶՊՄԿ-ում սեփականատիրական և ղակավար կազմի փոփոխություններից հետո մի քանի անգամ ընկերության ղեկավարության կողմից հնչեցվել է այն պնդումը, որ բնապահպանական խնդիրները հնարավոր է լուծել, բայց դրա համար ժամանակ է անհրաժեշտ։ Արդեն մեկ տարուց ավելի ժամանակ է անցել փոփոխություններից հետո, ու թեև «ժամանակ» ասելով՝ գուցե ԶՊՄԿ ղեկավարությունը ավելի երկար շրջան նկատի ուներ, այդուհանդերձ, եթե ինչ-որ միջոցառումներ ձեռնարկվում են, հավանաբար դրանք արդեն պետք է տեսանելի լինեն։ «Փաստը» դիմեց ԶՊՄԿ, և մեր հարցերին պատասխանեց Բնապահպանական և աշխատանքի անվտանգության ղեկավար Տարոն Նավասարդյանը։
– Պարոն Նավասարդյան, մենք կցանկանայինք տեղեկանալ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մոտեցումների մասին՝ կապված տարածաշրջանի բնապահպանական հիմնախնդիրների և բնապահպանական կայունության պահպանման հետ։ Դա հատկապես կարևոր է, քանի որ վերջերս կառավարությունն ընդունել է հանքարդյունաբերական ոլորտի ռազմավարությունը, և ոլորտի ամենախոշոր ընկերությունը, փաստորեն, այդ ռազմավարության հիմնական շահառուն է ու պատասխանատուն։
-Հանքարդյունաբերության ոլորտում բնապահպանական խնդիրները իրոք ժամանակակից մարտահրավերներից են, իսկ առկա հիմնախնդիրների լուծման համար «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի կողմից ներդրվող ջանքերը՝ ոգևորող, քանի որ ընկերությունը հանդիսանում է Հայաստանում հանքարդյունաբերական ոլորտի լոկոմոտիվն ինչպես արդյունաբերական ծավալներով, այնպես էլ վճարված հարկերով․․․․Մենք ձգտում ենք շրջակա միջավայրի վրա Ընկերության հնարավոր բնապահպանական ազդեցությունները բացահայտել, կառավարել և մեղմացնել՝ իրական հնարավորություն ստեղծելով դրանց հնարավոր մինիմալիզացման համար․․․
-Այդ դեպքում, հարցին անդրադառնանք ըստ ոլորտների, մասնավորապես, ի՞նչ է արվում, օրինակ՝ ջրային ռեսուրսների վրա հանքի ազդեցությունը բացառելու ուղղությամբ։ Ընդհանրապես դա հնարավո՞ր է։
-Ժամանակակից հանքարդյունաբերության մեջ գրեթե ամեն ինչ հնարավոր է։ Մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Ընկերությունը դիմել է և արդեն ունի հաստատված նոր ջրօգտագործման թույլտվություն, որը հնարավորություն է տալիս ավելի համակարգված և ճշգրիտ օգտագործել տարածաշրջանում մակերևութային ջրային ռեսուրսները․․․
Դրան զուգահեռ ընկերությունը, համագործակցելով Կապանի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, իրականացնում է գետերի մաքրման աշխատանքներ։ Սա մի ծրագիր է, որը նախատեսում է Ողջի գետի մաքրում։ Ընկերությունը նախատեսում է իրականացնել նմանօրինակ համագործակցություն նաև Քաջարան համայնքի հետ, որպեսզի հնարավոր լինի մաքրել Ողջի գետի այն հատվածը, որը գտնվում է Քաջարան համայնքի տարածքում։
-Հանքի պոչամբարի հնարավոր ազդեցությունը նույնպես հիմնականում կարող է կրել Ողջի գետը։ Հնարավոր է արդյո՞ք նման ազդեցությունը չեզոքացնել։
-Ընկերությունն Արծվանիկի պոչամբարի կայունության բարձրացման և վերահսկողությանը ուղղված մի քանի խոշոր ծրագիր է իրականացնում, մասնավորապես՝ ուղղահայաց դրենաժային համակարգի նախագծումն ու մոնտաժումը։ Կարևոր եմ համարում հատուկ ընդգծել մի նոր ծրագիր, որն ուղղված է պոչամբարի սեյսմիկ կայունության գործակցի բարձրացմանը։ Դա ավտոմատ ռեժիմով աշխատող էլեկտրոնային սեյսմիկ համակարգ է, որը մշտապես տեղեկատվություն է տրամադրում պոչամբարի պատվարի հնարավոր սեյսմիկ ռիսկերի վերաբերյալ․․․
-Ինչպե՞ս է դա աշխատելու։
-Պոչամբարում տեղադրվելու են սեյսմիկ զգայուն ընկալիչներ, որոնք առցանց ռեժիմով մշտապես տեղեկություն են փոխանցելու երկրաշարժերի և ցանկացած սեյսմիկ շարժի վերաբերյալ։ Ուզում եմ հատուկ հպարտությամբ ընդգծել, որ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտում սա առաջին նմանատիպ ծրագիրն է, որը կարող է էականորեն բարձրացնել պոչամբարի կայունությունը ու հուսալիությունը․․․Կիրառվում է Ճապոնիայի փորձը, սարքավորւմները իտալական են, դրանք տեղադրելու են տեղացի մասնագետները․․․Մեծ հույս ունեմ, որ մինչև տարեվերջ համակարգը կգործարկվի։
-Քանի որ հանքավայրը մոտ է բնակավայրերին, մակերևութային ջրերի պաշտպանության հարցին հավասար մտահոգիչ է նաև փոշու խնդիրը, և համայնքում հաճախ են բողոքում հենց փոշու առկայությունից։ Ինչպես է կատարվում փոշու կառավարումը, եթե, իհարկե, կատարվել է ընդհանրապես։
– Հանքավայրում փոշու առաջացումը այս ոլորտի մարտահրավերներից մեկն է։ Այս խնդիրը միշտ առկա է եղել նաև ընկերության արտադրական հրապարակներում։ Այժմ սկսել ենք խնդրի լուծմանն ուղղված ծրագրեր իրականացնել։ Ձեռք ենք բերում նորագույն սարքավորումներ, որոնք ջրի ցողային շիթի միջոցով կատարում են փոշենստեցում՝ շուրջ 150 մետր շառավղով։ Սարքավորումների տեղադիրքերի ընտրության համար կիրառվել են առկա մշտադիտարկումների տվյալները, վերլուծվել են հավանական քամու ուղղությունները՝ համադրելով դրանք փոշու հավանական հոսքերի հետ։ Արդեն պատվիրել ենք 5- 6 այդպիսի սարքավորում։ Սարքավորումները Հայաստանում կլինեն առաջիկա շաբաթներին, և լիահույս եմ, որ ամռան չորային սեզոններին փոշու ռիսկը լավագույնս կկառավարվի։ Ծրագրի ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 50 միլիոն դրամ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում