Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ, որի շրջանակներում կոմիտեի նախագահի խոսքով կհարցաքննվի նաև Թորոսյանը։
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը Radar Armenia-ի հետ զրույցում արձագանքել է քովիդի համավարակի ընթացքում ենթադրյալ չարաշահումների գործով իրեն հարցաքննության հրավիրելու մասին հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանի հայտարարություններին։
«Ուրախ եմ, որ մի քանի ամիս շարունակված իմ կոչերից հետո հակակոռուպցիոն կոմիտեում վերջապես ըմբռնել են, որ ինձ հարցաքննելը նպաստելու է գործի անաչառ քննությանը և իրականության բացահայտմանը։
Եվ քանի որ կոմիտեի նախագահի արտահայտություններից պարզ է դառնում, որ նա տեղյակ է քննության մանրամասներից, հույս ունեմ նրան անձամբ տեսնել իմ հարցաքննության ժամանակ, որպեսզի պատասխանեմ իրեն հետաքրքրող հարցերին և արտահայտեմ անցյալում քանիցս արտահայտած վերաբերմունքս պետական միջոցների վատնման, առանց բավարար ապացույցների մարդկանց մեղադրանքներ առաջադրելու և հանրային հնչեղություն ունեցող ենթադրյալ հանցագործությունների մասին հանրության մոտ սխալ պատկերացումներ ձևավորելու արատավոր պրակտիկայի նկատմամբ»,- ասաց Արսեն Թորոսյանը՝ Radar Armenia-ի հարցին ի պատասխան։
Հիշեցնենք, որ օրերս Սասուն Խաչատրյանն ասել էր, թե իրեն թվում է՝ Արսեն Թորոսյանին հարցաքննելու կարիք կա, քանի որ զբաղեցրել է առողջապահության նախարարի պաշտոնը․ «Պարոն Թորոսյանը պետք է իր վերաբերմունքը ցույց տա այդ իրողությունների վերաբերյալ, նաև քննությունը մի շարք հարցեր ունի»։
Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը, ով հետո ազատ է արձակվել։