Երեխայի հետ ցած է նետվել պատուհանից․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասի Սվաճյան փողոցի շենքերից մեկի 6-րդ հարկից մանկահասակ երեխայի հետ նետված և տեղում մահացած 29-ամյա կինն այդ տանը հյուր է եղել։ Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Հարուցված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Երևան քաղաքի Հարավ-Արևմտյան թաղամասի 29-ամյա բնակչուհին, որպես հյուր գտնվելով Սվաճյան փողոցի նշված շենքի 6-րդ հարկի բնակարաններից մեկում, ննջասենյակի պատուհանից իր 11-ամսական տղայի հետ նետվելու եղանակով ինքնասպան է եղել»,– գրել է Աբրահամյանը։

Նա նշել է, որ որպես վկա հարցաքննվել են կնոջ մերձավոր ազգականները, շենքի բնակիչները: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվել են դեպքի վայրի զննություններ:

Հիշեցնենք` հունիսի 1-ին հայտնի դարձավ, որ Սվաճյան փողոցի շենքերից մեկի առաջին հարկի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի և մանկահասակ երեխա, որն էլ մահացել է հիվանդանոցում։

Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 162-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում տեղի ունեցած պատճառները, հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print