Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ աշխատանքային խմբի նիստը։ Այդ մասին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի մամլո քարտուղար Անդրեյ Մատվեևը։
««Մոսկվայում, պետությունների ղեկավարների հանձնարարականի համաձայն, եռակողմ աշխատանքային խումբը սկսել է աշխատանքը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ»,- ասաց նա։»
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ հունիսի 2-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը:
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ նշել էր, որ «շատ մոտ ենք ասելու, որ կարող ենք վերականգնել երկաթուղային հաղորդակցությունն Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ: Որոշումները, որ պատրաստվում ենք քննարկել եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, անկասկած, մեծ նշանակություն ունեն Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման եւ Հայաստանի ապաշրջափակման համար»:
Ալեքսեյ Օվերչուկի խոսքով՝ առաջիկա հանդիպման ժամանակ քննարկվելիք հարցերը «վերաբերում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի հատման եղանակներին վերաբերող տեխնիկական մանրամասներին։
«Այդ սահմանին լինելու է անձնագրային եւ մաքսային հսկողություն, ինչպես նաեւ հսկման բոլոր այն տեսակները, որոնք կան միջազգային սահմաններին»,- ասել է նա:
Հավելենք, որ ՀՀ վարչապետը հայտնել էր՝ հունիսի 12-ին Վաշինգտոնում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը: