Ի գիտություն ենք ընդունում․ Պեսկովը՝ Փաշինյանին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ Ռուսաստանը մտադիր է զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Երևանի հետ։

Կրեմլը կարևորում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ Հայաստանը Ուկրաինայի հետ հակամարտությունում Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Հունիսի 2-ին կոնֆերանս զանգի ժամանակ նման հայտարարություն է արել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է aif.ru-ն։

«Մենք այն (հայտարարությունը) ի գիտություն ենք ընդունում։ Սա կարեւոր հայտարարություն է։ Մենք գիտենք, որ Ուկրաինայի հակամարտության հետ կապված Հայաստանի դիրքորոշման մեջ որոշակի նրբություններ կան։ Մենք դրանք հաշվի ենք առնում, մենք դրանք գիտենք։ Բայց մենք շարունակում ենք զարգացնել հայեցակարգային դաշնակցային հարաբերությունները Հայաստանի հետ»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք՝ հունիսի 1-ին ՀՀ կառավարության YouTube-ի ալիքը Մոլդովայում Եվրոպական գագաթաժողովի ժամանակ հրապարակել էր մայիսի 4-5-ը Չեխիա կատարած այցի ժամանակ Փաշինյանի՝ CNN-ի Պրահայի մասնաճյուղին տված   հարցազրույցի տեսանյութը։ Փաշինյանն ասել էր, որ Ուկրաինայի հետ հակամարտությունում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ։ Նրա խոսքով, Երեւանը մտահոգված է կատարվածի կապակցությամբ։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print