Մայիսին պարենային ապրանքների միջազգային գների հենանիշային ինդեքսը նվազել է, ինչը կապված է հացահատիկային մշակաբույսերի, բուսական յուղերի եւ կաթնամթերքի գնանշումների զգալի անկման հետ, հայտնում է hetq.am-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությանը (ՊԳԿ):
ՊԳԿ պարենային ապրանքների գնային ինդեքսը, որով գնահատվում է ամենաշատ վաճառվող պարենային ապրանքների միջազգային գների ամենամսյա փոփոխությունները, 2023 թվականի ապրիլին միջինում 124,3 միավոր էր, որը 2,6 տոկոսով ցածր է ապրիլի ցուցանիշից եւ 22,1 տոկոսով ցածր 2022 թվականի մարտին արձանագրված ռեկորդային ցուցանիշից։
ՊԳԿ հացահատիկային մշակաբույսերի գնային ինդեքսը նախորդ ամսվա համեմատ նվազել է 4,8 տոկոսով, որտեղ առաջատարը եգիպտացորենի համաշխարհային գների 9,8 տոկոս հասնող անկումն է։ Հացահատիկի միջազգային գները, եւս, 3,5 տոկոսով նվազել են։ Ի տարբերություն վերջինիս, բրնձի միջազգային գները շարունակում են աճել մայիսին։
ՊԳԿ բուսական յուղի գնային ինդեքսը մայիսին 8,7 տոկոս նվազում է արձանագրել, որը միջինում 48,2 տոկոսով ցածր է նախորդ տարվա մակարդակից։
ՊԳԿ շաքարի գնային ինդեքսն արդեն չորրորդ ամիսն անընդմեջ աճ է արձանագրել, այս անգամ 5,5 տոկոս՝ ապրիլի համեմատ, իսկ մեկ տարի առաջվա համեմատ՝ շուրջ 31 տոկոսի չափով։
Մայիսին 1,0 տոկոս վերելք է գրանցվել նաեւ ՊԳԿ մսամթերքի գնային ինդեքսում, ինչը բացատրվում է Ասիայում թռչնամսի ներմուծման բարձր պահանջարկով եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում տավարի մսի առաջարկի կայուն նվազմամբ։
Առավել մանրամասն կարող եք կարդալ հետեւյալ հղումով։