Մենք իրավունք չունենք որոշել ԼՂ կարգավիճակը. Արարատ Միրզոյան

ԱԳ նախարարի խոսքով՝ ԼՂ ժողովուրդն ու պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, քննարկել, բանակցել բոլոր կարևոր հարցերի շուրջ։

Մենք Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից մանդատ չենք ստացել իրենց ապագայի մասին բանակցելու։ Ազգային ժողովում արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք իրավունք չունենք որոշել նրանց կարգավիճակը, մենք այդպիսի հավակնություն էլ չենք ներկայացրել, չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Միակ բանը, որ մենք փորձում ենք ապահովել Հայաստան–Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է` մենք համարում ենք, որ այդ կարգավորումը իրատեսական, ամբողջական, երկարատև, տևական, կայուն չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, մի երկխոսության մեխանիզմ, որտեղ լեռնային Ղարաբաղի ժողզովուրդը և պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել, բանակցել բոլոր այն հարցերի շուրջ, որոնք հետաքրքրում են և կարևոր են Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և նրանց ապագայի համար»,– ասաց Միրզոյանը` պատասխանելով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե արդյոք Արցախի ժողովուրդը լիազորել է կառավարությանը բանակցել Ադրբեջանի հետ իրենց անունից։

Ըստ նախարարի՝ որևէ մեկն աշխարհում չի հերքում, որ կան բազմաթիվ բաց հարցեր. «Էդ հարցերը պետք է քննարկվեն ու հասցեագրվեն, բայց ոչ՝ մեր կողմից, այլ ԼՂ ընտրված մարմինների և լիազոր ինստիտուտների։ Մենք պետք է փորձենք ապահովել այդ երկխոսության սկիզբը, հարթակը, մեխանիզմը»։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print