2022 թվականին արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները։
Հունիսի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը զեկույցով հանդես է եկել ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում:
Ստորև ներկայացված է նախարար Միրզոյանի ելույթը և պատգամավորների հարցերին պատասխանների հիմնական մասը:
«Բարև ձեզ, հարգելի խորհրդարանականներ,
Ուրախ եմ տեսնել, թե ինչպիսի մեծ և բուռն հետաքրքրություն է առաջացնում ԱԳՆ զեկույցը խորհրդարանականների շրջանում:
Ինչպես կարող եք հիշել, մարտի 24-ին արդեն առիթ ունեցել եմ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ներկայացնել Կառավարության ծրագրի 2022 թ. կատարման ընթացքը, և բավականին մանրամասն քննարկում ենք ունեցել, եթե կհիշեք: Այդ պատճառով այժմ միայն ընդհանուր գծերով կնշեմ 2022 թ. արտաքին քաղաքական առաջնահերթությունները, դրանց շուրջ կատարված աշխատանքը և կներկայացնեմ հաշվետվությունը հիմնականում բյուջեի մասով, բյուջետային կոնտեքստում: Սա չի նշանակում, իհարկե, որ չենք կարող խոսել մյուս թեմաներից, հարցուպատասխանի ընթացքում, պատրաստ եմ պատասխանել բոլոր հարցերին, այդ թվում՝ ոչ միայն 2022 թ., այլև արդեն 2023 թ. տեղի ունեցած քաղաքական զարգացումների շուրջ և իհարկե, ենթադրաբար, կհետաքրքրի, հատկապես, Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացը, նաև այլ հարցերի շուրջ:
Այսպիսով, 2022 թվականին արտաքին քաղաքականության համար շարունակել են առանցքային մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման, հարևան երկրների հետ խաղաղ բանակցությունների միջոցով հարաբերությունների կարգավորման և ՀՀ շուրջ անվտանգային միջավայրի ձևավորման հետ կապված խնդիրները։
Ադրբեջանի հետ շարունակվել են բանակցությունները, տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ բոլոր ուղղություններով՝ հարաբերությունների կարգավորում, խաղաղության պայմանագիր, սահմանազատման և սահմանային անվտանգության ուղղությունը, գործընթացը, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակման գործընթացը:
Առկա մարտահրավերների շուրջ ակտիվ աշխատանքներ են տարվել բոլոր գործընկերների հետ: 2022 թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ ագրեսիայի, ինչպես նաև 2022 թ. դեկտեմբերից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման կապակցությամբ, այդ թվում նաև՝ ՀՀ ԱԳՆ ջանքերով, հնչել են բազմաթիվ հայտարարություններ առանձին երկրների, նրանց խորհրդարանների, նաև միջազգային խորհրդարանական հարթակների, մարդու իրավունքների հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպությունների կողմից:
Կհիշեք՝ երկու դեպքում էլ տեղի ունեցավ քննարկում Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում և՛ սեպտեմբերյան ագրեսիայից հետո, և՛ Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումից հետո, երկու դեպքում էլ փաստաթուղթ քննարկումների ընթացքում չհաջողվեց ընդունել, այս մասին խոսելու առիթ եղել է:
Հայաստանը պահպանել և շարունակել է իր ակտիվ ներգրավվածությունը բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, Եվրոպայի խորհուրդ, ՅՈՒՆԵՍԿՕ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպություն և այլ կազմակերպությունների շրջանակներում:
Երկկողմ հարաբերությունների մասով գործուն քայլեր են կատարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացման և խորացման ուղղությամբ: Մեծածավալ աշխատանքներ են իրականացվել Հայաստանի Հանրապետության երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի, ինչպես նաև այլ գործընկերների, այդ թվում՝ ԵՄ ու ԵՄ անդամ պետությունների, Հնդկաստանի, Չինաստանի հետ։
Շարունակվել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Ընդհանուր, 2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական հարաբերություններ 178 պետության հետ:
2022 թ. Հայաստանում հիմնվել է երկու նոր ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները, ինչպես նաև Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Նշանակվել են նաև երկու նոր երկրի՝ Լաոսի և Հյուսիսային Մակեդոնիայի ոչ ռեզիդենտ դեսպաններ: Նշեմ նաև, որ ՀՀ-ում ռեզիդենտ դեսպաններից երեքի՝ Սլովակիայի, Ուրուգվայի և Սերբիայի պարագայում ներկայացվածությունը նախկինում գործերի ժամանակավոր հավատարմատարի մակարդակից բարձրացվել է արտակարգ և լիազոր դեսպանի մակարդակի:
Անցնելով օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին՝ նշեմ, որ հաշվետու տարվա ընթացքում ՀՀ հավատարմագրել է 4 նոր՝ ոչ ռեզիդենտ դեսպաններ՝ Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ճամայկայում և Հյուսիսային Մակեդոնիայում: Ընդհանուր առմամբ, ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները համատեղության կարգով հավատարմագրված են 90 երկրում:
Հավատարմագրվել է նաև ՀՀ 7 նոր պատվավոր հյուպատոս, եթե հետաքրքիր են քաղաքները՝ Քվեբեկ (Կանադա), Ռոսարիո (Արգենտինա), Սանտա Կրուզ դե լա Սիերա (Բոլիվիա), Սալոնիկ (Հունաստան), Զաբժե և Պոզնան (Լեհաստան), Ռիգա (Լատվիա):
Իրավապայմանագրային դաշտի ընդլայնման առումով 2022 թ. ՀՀ կողմից ստորագրվել է 83 միջազգային պայմանագիր, վավերացվել կամ հաստատվել է 65 պայմանագիր:
2022 թ. շարունակվել են ՀՀ արտաքին քաղաքական դիրքորոշումների վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները:
Հանրապետության նախագահը, վարչապետն ու արտաքին գործերի նախարարը մի շարք հարցազրույցներ են տվել միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներին, հանդես են եկել մամուլի ասուլիսներով` ներկայացնելով տարածաշրջանային և միջազգային տարբեր գործընթացների, խնդիրների ու դրանց հանգուցալուծման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումները:
Աշխատանքները հատկապես ինտենսիվ բնույթ են կրել միջազգային հանրությանը ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2022 թ. սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի և դրա հետևանքների, իսկ 2022 թ. դեկտեմբերից արդեն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությանն իրազեկելու ուղղությամբ:
Դեկտեմբերի 12-13-ը Երևանում տեղի է ունեցել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» չորրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված էր ցեղասպանությունների կանխարգելմանը նոր տեխնոլոգիաների կիրառման պայմաններում»։
–