Ցանկանում ենք մեզ մոտ հրավիրել լավագույն ճարտարապետներին, նախագծողներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրենք այս վայրը և վերջնական որոշում կայացնենք։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Թբիլիսիի մոտ նոր միջազգային օդանավակայանի կառուցման որոշման մասին։
«Մենք եկել ենք նոր օդանավակայանի կառուցման անհրաժեշտության որոշմանը, որը կլինի միջազգային, ժամանակակից մակարդակի։ Դրա համար ամենաօպտիմալ վայրը թվում է Վազիանին՝ նախկին օդակայանը։ Ցանկանում ենք մեզ մոտ հրավիրել լավագույն ճարտարապետներին, նախագծողներին և մասնագետներին, որպեսզի ուսումնասիրենք այս վայրը և վերջնական որոշում կայացնենք»,- կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Վազիանին ռազմավարական նշանակության կարևոր ռազմական ավիաբազա է, որը գտնվում է Վրաստանի մայրաքաղաքից 20 կիլոմետր դեպի արևելք։ Այնտեղ սովորաբար անցկացվում են միջազգային զորավարժություններ։
Շոթա Ռուսթավելիի անվան Թբիլիսիի միջազգային օդանավակայանը կառավարվում է թուրքական TAV Airports հոլդինգի կողմից և արդիականացվել է 2007 թվականին։
–