Տեղ գյուղից շուրջ 50 տնտեսվարող ընտանիք խնդրի առաջ է կանգնել։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում որևէ սահմանային միջադեպ չունենք արձանագրված: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:
Ինչ վերաբերում է Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջ գալուն, նա նշեց. «Ինչ-որ տեղերում արդեն հետ են գնացել, բայց ասել, թե կոնկրետ որ տեղերից, քանի մետր՝ չեմ կարող. ԱԱԾ սահմանապահ զորքերի տարածքում է, և նրանք ինձ չեն զեկուցում մանրամասները»:
Մարզպետի խոսքով՝ Տեղ գյուղից շուրջ 50 տնտեսվարող ընտանիք ադրբեջանցիների առաջ գալու հետևանքով խնդրի առջև է կանգնել: «Այս տարվա հետ կապված չիրացված եկամտի համար կաջակցենք. երկարաժամկետ կտրվածքով պետք է հետ գնա Ադրբեջանը»,- նշեց Ռոբերտ Ղուկասյանը:
Անդրադառնալով Կապանում Իրանի հյուպատոսության բացման օգուտներին՝ նա նշեց, որ դրա բացումից հետո միանշանակ դրական փոփոխություններ են եղել. «Բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ ենք ունենում թե՛ ես, թե՛ համայնքի ղեկավարը: Տարբեր տնտեսական և սոցիալական, մշակութային ծրագրեր են քննարկվում ԻԻՀ գործընկերների հետ: Իրականում սա շատ շուտ պետք է լիներ, քանի որ Իրանը Սյունիքի հետ ջերմ հարաբերություններ է ունեցել: Տեխնիկական խնդիրներ էին լինում կոմունիկացիայի հետ կապված հարցերի պատճառով, հիմա այդ հարցերը վերացված են, որովհետև ունենք գլխավոր հյուպատոս, ում հետ տարբեր հարցեր ենք քննարկում:
Խոսելով Տաթև-Լծեն ճանապարհի մասին՝ նա ասաց, որ բուն Տաթև-Լծենն ավարտված է. «Լծենից Նորավան հատվածի բացումը շատ շուտով կլինի. այդ ճանապարհն ամբողջությամբ մեր հիմնական խնդիրը կլուծի»,- նշեց մարզպետը: