🎬Առաջիկա օրերին որպես տույժ կկիրառվի դիտողությունը․ պատգամավոր

Արդյո՞ք մգեցված ապակիներով երթևեկող վարորդները տուգանվելու են, թե ոչ։ Նման հարց բարձրացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։

«Առաջին օրերին եղել են մարդիկ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, որոնց կանգնեցրել են, զգուշացրել, իր ձեռքով պոկել է, բայց տուգանել են։ Հստակ կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե թաղանթով մեքենա լինի, տուգանվում է, որովհետև մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։

Ի պատասխան հարցին հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Արմեն Խաչատրյանը նշեց, որ հարցի տարընկալումներ կան. «Իրականում ամսի 1-ից վարչական ներգործության միջոցներ պետք է կիրառեին, իսկ վարչական օրենսգիրքը սահմանում է տուգանք՝ 25 հազար դրամ։ Ամսի 31-ին ՆԳՆ-ի հետ քննարկում իրականացրինք, քանի որ դա համարվում է խախտում, իսկ խախտման համար պետք է լինի պատասխանատվություն։ Որոշեցինք՝ նվազ հարկադրանքի միջոցներով պետք է հասնել ցանկալի արդյունքի, իսկ պատասխանատվության միջոց է նախազգուշացումը՝ վարչական դիտողությունը, և որոշվեց առաջիկա մի քանի օրը կիրառել տույժ՝ դիտողություն, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»։ 

Ըստ նրա՝ նախազգուշացնել, թե տուգանել՝ կորոշի ոստիկանը։ Պատգամավորը հավելեց, որ այս պահին հիմնականում կիրառվելու է տուգանքը։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print