🎬Փոխնախարարն անդրադարձավ Սյունիքի մարզպետի հայտարարությանը

Նախարարի խոսքով՝ ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում են։

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը չի ցանկանում մեկնաբանել Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, որ Տեղ գյուղի որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել։ Այս մասին նա ասաց այսօր ՀՀ ԱԺ–ում ճեպազրույցի ժամանակ։

«Այդ մասին ես նույնպես լսել եմ ու այդ մասին հաղորդագրություններ եղել են, թեկուզ հպանցիկ… Այդ թեմային, սակայն, ցանկալի չէ, որ ես անդրադառնամ ու որևիցե մեկնաբանություն տամ։ Թեման մի քիչ զգայուն է»,– հայտարարեց նա։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել էր, որ Տեղ համայնքում որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են գնացել` չհստակեցնելով, թե ադրբեջանական ստորաբաժանումները կոնկրետ որ տեղերից և քանի մետր են հեռացել:

Խոսելով օրեր առաջ Սյունիքի Շիկահող համայնքի տարածքից 2 զինծառայողների առեւանգման դեպքին՝ Արման Սարգսյանը նշեց․ «Կխնդրեմ այդ հարցն ուղղել նախաքննության մարմնին, որովհետեւ նախաքննություն է ընթանում եւ ցանկալի չէ, որ ես որեւէ մեկնաբանություն անեմ»:

Անդրադառնալով սահմանային իրավիճակին՝ փոխնախարարը նշեց, որ այս պահին հարաբերականորեն կայուն է, ինտենսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում են։

«Երեկ կրակոցներ եղել են, հաղորդագրություն եղել է»,–ասաց նա։

Նշենք, որ երեկ` հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print