Կարմիր խաչի ներկայացուցիչները առանձնազրույցներ են ունեցել հայ զինծառայողների հետ, օգնել են կապ հաստատել ընտանիքների հետ։
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները տեսակցել են Ադրբեջանում առևանգված երկու հայ զինծառայողներին։ Տեղեկությունը հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են հայ երկու զինծառայողներին։ Առանձնազրույցներ են եղել, կապ են հաստատել ընտանիքների հետ, Կարմիր խաչի միջնորդությամբ նամակներ են փոխանակվել»,–ասաց Ամատունին։
Ավելի վաղ՝ մայիսի 26–ին մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈւ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել էր։ Մայիսի 27-ին հաղորդագրություն տարածվեց, որ միջդիրքային ճանապարհին հայտնաբերվել է թիկունքային մատակարարման ավտոմեքենան, որի մեջ եղել է նաև զինվորներից մեկին ամրակցված զենքը։ Նույն օրը հայտնի դարձավ նրանց առևանգել են ադրբեջանցիները։ ՊՆ–ն հրապարակեց զինծառայողների անունները` Հարություն Յուրիկի Հովագիմյան և Կարեն Աշոտի Ղազարյան: Մայիսի 28-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացրին, որ Ադրբեջանի դատարանը կալանավորել է նրանց։