ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը 2023 թվականի հունիսի 7-9-ը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցում է «Ձևավորելով ապագան» խորագիրը կրող կրթության միջազգային ֆորումին:
ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ նախարարների միջազգային ֆորումի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարար Վալերի Ֆալկովի հետ։
Հանդիպման ընթացքում նախարարներն անդրադարձել են Երևանում Հայ-ռուսական համալսարանի գործունեությանը և համատեղ նախաձեռնությունների իրականացմանը՝ կարևորելով համալսարանի կայուն զարգացումը։ Նախարարները ստորագրել են Հայ-ռուսական համալսարանի ռեկտորի պաշտոնում նշանակելու համատեղ հրաման։ Ռեկտորի պաշտոնում նշանակվել է համալսարանի ընդհանուր ժողովին ընտրված թեկնածուն՝ Էդուարդ Սանդոյանը։
Կողմերը կարևորել են 2023 թ. հունիսի 13-14-ը Երևանում կայանալիք հայ-ռուսական գիտակրթական համաժողովի անցկացումը, որի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական փոխհամագործակցության հեռանկարներն ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։
Նախարարները քննարկել են երկկողմ փոխհամագործակցությունը հանրակրթության, նախնական ու միջին մասնագիտական կրթության ոլորտներում՝ այս համատեքստում կարևորելով Երևանում 2023 թ. հունիսի 13-14-ը կայանալիք ֆորումի աշխատանքները։ ԿԳՄՍ նախարարն այցի ընթացքում մասնակցել է նաև ֆորումի շրջանակում կազմակերպված ՌԴ կրթության ցուցահանդեսին։