Աշոտ Փաշինյանի խոսքով յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պիտի օրենքին համապատասխան գնահատական ստանա։
Գայանե Հակոբյանի առջև գլուխ եմ խոնարհում, բայց, միևնույն ժամանակ, ասում եմ, որ օրենքի առջև բոլորը հավասար են։ Այդ մասին այսօր դատաքննությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետի որդի Աշոտ Փաշինյանը:
«Իմ մոտեցումն այն է, որ դեպքը պիտի համապատասխան իրավական գնահատական ստանա։ Ինչ վերաբերում է «հերոսի մայր» արտահայտությանը, ուզում եմ ասել, որ դա ոչ մեկը չի նսեմացրել ու չի էլ կարող նսեմացնել։ Այո, ես խոնարհվում եմ բոլոր հերոսների ու նրանց հարազատների առաջ։ Խոնարհվում եմ տիկին Գայանեի առաջ, բայց միևնույն ժամանակ ասում եմ, որ օրենքը հավասար է բոլորի համար, ու յուրաքանչյուր միջադեպ Հայաստանում պիտի օրենքին համապատասխան գնահատական ստանա։
Անկեղծ ասած՝ ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, և փոխադարձ հարգանքով խոսակցություն է եղել, այդ պատճառով չեմ կարծել, որ որևիցե տգեղ միջադեպ կարող է տեղի ունենալ»,- Ասաց Աշոտ Փաշինյանը:
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Ավելի վաղ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել էր, նշանակվել է տնային կալանք, սակայն հերթական դատական նիստում Գայանե Հակոբյանի խափանման նոր միջոց ընտրվեց կալանավորումը՝ 1 ամիս 15 օր ժամկետով։