Լրագրողները նիստին չեն մասնակցում։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական հերթական նիստը։
Գործով կալանավորված Գայանե Հակոբյանի պաշտպանական կողմին նիստից առաջ թույլ չէին տալիս մտնել դատարան, հայտնում է Sputnik Արմենիան։
Դատարանի կարգադրիչը Հակոբյանի պաշտպանական կողմին հայտնեց, որ դատարանի կազմը որոշում ունի դատական նիստը դռնփակ անցկացնելու։
«Դռնփակ նիստ անցկացնոլու որոշումը որտեղի՞ց է առաջացել դատարանի մոտ։ Երեք փաստաբանով նման միջնորդություն չենք ներկայացրել, մեզ համար դա նունպես անակնկալ էր, մենք նման միջնորդությամբ հանդես չենք եկել։ Այսօր մենք պատրաստել էինք ինքնաբացարկի միջնորդություն, ունեինք ևս 3 միջնորդություն»,– դատարանի մոտ ճեպազրույցի ժամանակ ասաց փաստաբան Վարդուհի Էլբակյանը՝ հավելելով, որ դռնփակ նիստ անցկացնելու մասին որոշումը դատավոր Մանվել Շահբազյանը պետք է ներկայացներ կողմերին, ու փաստաբանները ևս պետք է դիրքորոշում հայտնեին։
Քիչ անց փաստաբաններին ներս թողեցին դատարան, լրագրողները, սակայն, նիստին ներկա չեն լինի։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Ավելի վաղ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել էր, նշանակվել է տնային կալանք, սակայն հերթական դատական նիստում Գայանե Հակոբյանի խափանման նոր միջոց ընտրվեց կալանավորումը՝ 1 ամիս 15 օր ժամկետով։