Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից։
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից, հայտնում է Sputnik Արմենիան։
Պաշտպանական կողմը դուրս եկավ դռնփակ նիստից, որն ընթանում է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, և հայտարարեց, որ իրենք այլևս չեն իրականացնելու Գայանե Հակոբյանի պաշտպանությունը։
«Դիրքորոշման փոփոխություն կար մեր և մեր վստահորդի միջև. մենք իր պաշտպանությունը այլևս չենք անելու։ Դատարանի որոշմամբ` մենք ազատված են պաշտպանությունից։ Գայանե Հակոբյանն իր դիրքորոշումը կարտահայտի»,– հայտարարեց փաստաբաններից Հովսեփյան Սարգսյանը։
Քանի որ Հակոբյանն այս պահին չունի պաշտպան, այդ պատճառով դատարանը որոշել է կես ժամ ընդմիջում վերցնել։ Պաշտպաններից Գեորգի Մելիքյանը նշեց` քանի որ այլ հանրային պաշտպան պիտի ներգրավեն, դատարանն այս պահին միջոցներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։
«Մենք այլ բան ասելու լիազորություն չունենք։ Միայն կարող եմ ասել, որ կա հակասություն մեր և Գայանե Հակոբյանի միջև։ Հակասությունը հիմնականում վերաբերում էր պաշտպանական կողմի մարտավարությանը»,– ասաց Մելիքյանը։
Փաստաբանները շարունակում են պնդել իրենց այն տեսակետը, որ զոհվածի մոր նկատմամբ հարուցված քրեական գործում հանցակազմը բացակայում է։
Հիշեցնենք` մայիսի 17-ին տեղեկություն տարածվեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Վերջինս հաղորդում էր ներկայացրել ոստիկանություն, որից հետո ՀՀ քննչական կոմիտե քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, կալանավորվել է մեկ անձ` Գայանե Հակոբյանը։
Ավելի վաղ Հակոբյանի խափանման միջոցը փոխվել էր, նշանակվել է տնային կալանք, սակայն հերթական դատական նիստում Գայանե Հակոբյանի խափանման նոր միջոց ընտրվեց կալանավորումը՝ 1 ամիս 15 օր ժամկետով։