2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, որոնց վրա ոչինչ չպետք է պատկերված լինի։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նրա խոսքով՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով ծխախոտը պետք է վաճառվի առողջության հետ կապված վատ նկարներով. «Որքան էլ ծխելը վնասակար լինի, ծխախոտային ինդուստրիան բիզնես է, որն օրենքով արգելված չէ։ Ի՞նչ ենք անելու․ օրենքը փոխելու ենք ու համապատասխանե՞նք ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգին, ԵԱՏՄ-ին համոզելու ենք՝ փոխեն տեխկանոնակարգն ու դարձնեն մե՞րը, թե՞ գնալու ենք, խնդրենք, որ Հայաստանի համար այս նույն ռեժիմը պահպանվի»,-Թունյանը հարցն ուղղեց ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանին` հավելելով, որ հարցին պետք է մոտենալ նաև արտադրողների տեսանկյունից` ովքեր պետք է 6-7 ամիս առաջ արդեն հստակ իմանան, թե ինչ է լինելու հունվարից, որ պատրաստ լինեն։
Թորոսյանն ի պատասխան նշեց, որ այս հարցով պետք է զբաղվեն Էկոնոմիկայի նախարարություն ու պատասխանատու մյուս կառույցները։