Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների պատմության մեջ առաջին նախկին նախագահն է, որին քրեական մեղադրանք է առաջադրվել։ Հայտնի է դարձել Թրամփի դեմ նոր մեղադրանքների մասին՝ խոսքը գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանման մասին է։
Նախորդ շաբաթ տեղեկություններ կային, որ դատախազները գտել են Դոնալդ Թրամփի զրույցի ձայնագրությունը, որում նա խոստովանում է, որ գաղտնի փաստաթղթեր է պահել, թեև մինչ այդ նա արդեն լքել էր Սպիտակ տունը: Հունիսի 9-ին հայտնի է դարձել, որ Դաշնային իշխանությունները նրա դեմ մեղադրանք են ներկայացրել գաղտնի փաստաթղթերի գործով։ ԱՄՆ նախկին նախագահն ասել է, որ չի ընդունում իր մեղքը և ներկայիս նախագահ Ջո Բայդենին մեղադրել է քաղաքական դրդապատճառներով հետապնդումների մեջ.
«Բայդենի կոռումպացված վարչակազմը տեղեկացրել է իմ փաստաբաններին, որ մեղադրանքներ են առաջադրվել իմ դեմ։ Ինձ հրամայված է հունիսի 13-ին ներկայանալ դաշնային դատարան», – «Truth Social» սոցիալական ցանցում գրել է Թրամփը։
Թրամփի փաստաբան Ջիմ Թրասթին CNN-ին ասել է, որ Թրամփը մեղադրվում է դավադրության, սուտ ցուցմունք տալու, արդարադատությանը խոչընդոտելու և գաղտնի փաստաթղթեր անօրինական պահելու մեջը։ Դատախազ Ջեք Սմիթը ղեկավարում է հետաքննությունը, իսկ գործի վերաբերյալ այլ մանրամասներ կհրապարակվեն հունիսի 13-ին։
Դատարանի հրապարակված փաստաթղթերի համաձայն՝ Դոնալդ Թրամփին մեղադրանք է առաջադրվել 38 կետով, այդ թվում՝ ազգային անվտանգության հարցերին առնչվող գաղտնի փաստաթղթերի տիրապետման և արդարադատությանը խոչընդոտելու համար: ԱՄՆ նախկին նախագահին սպառնում է 20 տարվա ազատազրկում։