Նախօրեին հայտնի դարձավ, որ Ադրբեջանի խնդրանքով Վաշինգտոնում հունիսի 12-ին կայանալիք արտգործնախարարների հանդիպումը հետաձգվել է անորոշ ժամանակով։ Ադրբեջանական կողմը չի նշում, թե որքան ժամանակով է խնդրել հետաձգել։ Վաշինգտոնից էլ երեկ հայտարարեցին, թե ժամկետներ հայտնի չեն։ Թեպետ Ադրբեջանի խնդրանքի մասին հաղորդած Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հայտարարել էր, թե նոր ժամկետների մասին տեղեկություն պետք է հրապարակի ԱՄՆ պետքարտուղարությունը։ Ինչո՞ւ չեղարկվեց վաշինգտոնյան հանդիպումը, եթե մայիսի սկզբին նույն վայրում 4 օր տևած հանդիպումներից հետո հաղորդվում էր, որ բավական ուշագրավ բանակցություններ են եղել, որոշ հարցերում առանցքային համաձայնության են եկել։ Թվում է, թե արևմտյան ձևաչափը ձեռնտու է Բաքվին, Արցախը ամբողջությամբ հանձնվում է Ադրբեջանին, չկա կարգավիճակի հարց, կա միայն երկխոսելու թեմա, իսկ Վաշինգտոնը ողջունել էր Ալիևի այն ելույթը, որտեղ վերջինս պահանջում է Արցախի հայերից «վիզը ծռած գալ ու համաներում խնդրել»: Այս ամենի փոխարեն Ադրբեջանից պահանջվում է ընդամենը հարգել ՀՀ տարածքային ամբողջականությունը։
ՔՊ-ական նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթեւ Հայրապետյանի կարծիքով Արեւմուտքից հնչող կոշտ հայտարարություններն ընդամենը պատրվակ են, Ադրբեջանն այլ նկրտումներ ունի եւ դրանք պետք է դիտարկել տարածաշրջանային զարգացումների տիրույթում․ «Էրդողանը վերընտրվում է: Նա և այդ երկրի այլ պաշտոնյաներ բազմիցս են հայտարարել, որ «թուրքի ճանապարհն անցնում է նաև Զանգեզուրով…»: Սա զուտ հայտարարություն չէ, այլ ծրագրերի մասին խոստովանություն»: Էրդողանի վերընտրվելուց հետո, ըստ Հայրապետյանի, լրջորեն աճում է ՀՀ–ի դեմ ագրեսիայի գնալու ռիսկը: Դրա համար էլ Բաքվին հարմար է մեղավորներ փնտրել ու չեղարկել, այսպես կոչված, «խաղաղության» գործընթացը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում