Նման պայմանավորվածություն չկա․Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հայտարարությանը։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարությանը, թե իբրև Նախիջևան տանող հաղորդակցության ուղիները Հայաստանի տարածքում հսկելու են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության սահմանապահները։

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են․

«Եռակողմ աշխատանքային խմբի քննարկումների, այդ թվում՝ վերջին հանդիպման ընթացքում, նման պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։

Հիշեցնենք՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը Report-ին տված հարցազրույցում ասել էր Ադրբեջանի հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողութուն կիրականացնեն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print