Մայր Աթոռի միաբանները հայտարարություն են տարածել

Մայր Աթոռի միաբանական համագումարի մասնակիցները հորդորում են իշխանություններին հետամուտ լինել արցախահայության՝ «սեփական բնօրրանում ազատ, անկախ և անվտանգ ապրելու իրավունքի իրացմանը», նաև Հայաստանի սահմանամերձ տարածքների անվտանգությանն ու անձեռնմխելիությանը, ասված է նրանց հայտարարության մեջ։

«Հայտնում ենք մեր զորակցությունը արցախահայ մեր եղբայրներին ու քույրերին՝ քաջալերելով, հակառակ առկա մարտահրավերներին, երբեք չընկրկել դժվարությունների առջև, շարունակել պաշտպանել ու շենացնել Արցախ աշխարհը՝ զորացած հույսով ու հավատքով», – նշում են հոգևորականները:

Միաբանները նաև կոչ են անում համախմբվել և ամրապնդել ազգային միաբանությունը՝ «անխաթար պահելով ազգային-հոգևոր արժեքները, որոնք դարեր շարունակ սնուցել ու զորացյալ են պահել մեր ինքնությունը»։ «Հայոց կյանքից հեռու վանել ատելությունն ու թշնամանքը, քաղաքական համոզումներով թելադրված անհանդուրժողության ցանկացած դրսևորում՝ ազգային կյանքի ընթացքը ամրորեն խարսխելով եղբայրսիրության ու համերաշխության հիմերի վրա», – նշում են նրանք։

Մայր Աթոռից ավելի վաղ հաղոդրել էին, որ հունիսի 5-8-ը Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը, որի ընթացքում Հայաստանում ու Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկան Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը և ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանը:

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print