2022 թվականից կիրառվող սահմանափակումներում որոշակի մեղմացումներ են եղել։
Հայաստանում ամառային ճանապարհորդությունների սեզոնի մեկնարկով պայմանավորված՝ Երևանում ԱՄՆ դեսպանատունը հաղորդագրություն է տարածել, որով կոչ է արել ԱՄՆ քաղաքացիներին, դեսպանատան աշխատակիցներին և նրանց ընտանիքներին խուսափել ՀՀ-ում որոշ ուղղություներով ոչ հրատապ ճանապարհորդություններ իրականացնելուց, ինչը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակվող հակամարտությամբ։ Ընդ որում՝ դեռևս 2022 թվականից կիրառվող սահմանափակումներում որոշակի մեղմացումներ են եղել։
Ըստ ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության՝ այցելության համար անցանկալի վայրերն են․
- Տավուշի մարզի Վարագավանից արևելք՝ Հ37 ավտոճանապարհը,
- Տավուշի մարզի Նավուր գյուղից արևելք՝ Հ36 ավտոճանապարհը,
- Գեղարքունիքի մարզում Վարդենիսից արևելք։
- Արարատի մարզի Երասխ գյուղով երթևեկությունը թույլատրվում է, կանգառը՝ ոչ,
- Ճանապարհորդությունը դեպի Ջերմուկ թույլատրվում է Վայոց ձորի մարզի Գետիկի կողքով Հ42 և Հ43 ճանապարհներով,
- Այցելությունը Սյունիքի մարզ և ճանապարհորդությունը դեպի Լեռնային Ղարաբաղ շարունակում է արգելված մնալ։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է շարունակեն զգուշանալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բոլոր միջազգային սահմաններից և խուսափել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի և շփման գծի մերձակայք ճանապարհորդություններից։ ԱՄՆ կառավարությունը չի կարող շտապօգնության ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում, քանի որ մուտքն արգելված է»,-ասված է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է գրանցվել Smart Traveler Enrollment Program-ում (STEP)՝ անվտանգության թարմացումներ ստանալու համար, հետևել տեղական լրատվամիջոցներին, խուսափել մարդաշատ վայրերից ու ցույցերից, տեղեկացնել ընկերներին և ընտանիքի անդամներին իրենց անվտանգության մասին, պահպանել զգոնութունն ու զգույշ լինել գիշերը քայլելիս կամ վարելիս: