«Հրապարակ» օրաթերթը գրում է. ««Քաղպայմանագիր» խմբակցությունը նախօրեին՝ հերթական նստաշրջանից առաջ խմբակցության նիստ է անցկացրել, որն ընթացել է լարված մթնոլորտում։ ՔՊ-ական Գեւորգ Պապոյանը, ըստ մեր աղբյուրների, մի տրագիկ ներկայացում է բեմադրել իր բազմաչարչար եւ հանրահռչակ նախագծի հարցով եւ ծանր է տարել, որ իր լուսավոր գաղափարը ՔՊ-ում մերժվել է, եւ կոնսենսուսային որոշում է կայացվել։ Հիշեցնենք․ խոսքը Գեւորգ Պապոյանի այն նախագծի մասին է, որով առաջարկում է օրենքը փոխել, որ կառուցապատողներին բանկը հիպոթեքային պայմանագրերի գումարները տրամադրի ոչ թե կառուցապատման սկզբում, այլ՝ վերջում, երբ բնակարանները հանձնվեն շահառուներին։
Մենք քանիցս անդրադարձել ենք այս նախագծին, ներկայացրել փակ քննարկումներից մանրամասներ, որոնք փաստում են՝ անգամ ՔՊ-ում կասկածներ ունեն, որ Պապոյանը վերեւների «դաբրոյով» փորձում է կառուցապատման ոլորտում մենաշնորհ հաստատել եւ մանր ու միջին ընկերություններին մաքրել դաշտից։ Բանն այն է, որ նախագիծը շաբաթներ առաջ առաջին ընթերցում է անցել խորհրդարանում, սակայն դժգոհությունները, հատկապես կառուցապատողների կողմից, շատ մեծ են։ Երկուշաբթի օրը Պապոյանը հրավիրել էր կառավարության անդամներին, մասնավորապես՝ փոխվարչապետերին, ԿԲ ներկայացուցչին, որպեսզի հերթական քառօրյայից առաջ վերջնական որոշում կայացնեն, եւ նախագիծը ներկայացվի երկրորդ ընթերցման։ Սակայն հանդիպումը չի կայացել, կառավարությունից փոխանցել են, որ իրենց մոտ մասնագետների լայն շրջանակի հետ պետք է քննարկեն այն, նվազագույնի հասցնեն բոլոր ռիսկերը։
Փոխանցել են նաեւ, որ լավագույն դեպքում նախագիծը կընդունվի այն տեսքով, որպեսզի բանկը կառուցապատողին հիպոթեքային վարկի գումարը փոխանցի 50/50 սկզբունքով, մինչդեռ Պապոյանն առաջարկում էր, որ ոչ մի լումա էլ չփոխանցեն, քանի դեռ շենքը չի հանձնվել շահառուին։ Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ներկայացրել է կառավարության տեսակետը, որին հաջորդել է Պապոյանի նյարդային արձագանքը, որ այդպիսով խախտվում է իր գաղափարի ողջ տրամաբանությունը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում