Ո՞րն է հանդիպման հետաձգման պատճառը

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը նշել է, կողմերը շարունակում են խաղաղ երկխոսություն վարել։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հերթական փուլը, որը պլանավորվում էր անցկացնել հունիսի 12–ին Վաշինգտոնում, հետաձգվել է ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև հունիսի 12-ին Վաշինգտոնում սպասվող քննարկումների հերթական փուլը հետաձգվել է Բաքվի խնդրանքով։

«Ցավոք սրտի, այդ հանդիպումը չկայացավ 100 տոկոսով ժամանակացույցի խնդրի պատճառով, և մենք անհամբերությամբ սպասում ենք, որպեսզի անցկացնենք այն, հենց ստացվի»,– ասել է Միլլերը։

ԱՄՆ պետդեպի ներկայացուցիչը նշել է, կողմերը շարունակում են խաղաղ երկխոսություն վարել։ Վաշինգտոնը նախկինի պես կարծում է, որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է։
«Մենք կարծում ենք, որ համաձայնագրի ստորագրումը տեսանելի է»,– հայտարարել է Միլլերը։

Հիշեցնենք` Վաշինգտոնում նախորդ բանակցությունները 4 օր են տևել` մայիսի 1-4-ը։ ԱԳ նախարարները երկու անգամ հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։ Բանակցություններից հետո Բլինկենը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը խաղաղության պայմանագրի կնքման առումով զգալի առաջընթաց են արձանագրել։

Facebook
Twitter
LinkedIn
VK
Telegram
Print