Զախարովայի խոսքով՝ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության և խաղաղության հաստատման նպատակի հետ։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լուրերը, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շահագործման է հանձնում երեք նոր գործառնական կետ՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում:
Զախարովան ասել է. «Մենք տեղյակ ենք Հայաստանում իր ներկայությունն ուժեղացնելու Եվրամիության հայտարարած ծրագրերից, որոնց համար առաջիկայում կբացվեն Հայաստանում ԵՄ «դիտորդական» առաքելության երեք նոր հենակետերը՝ Կապան, Իջևան և Եղեգնաձոր քաղաքներում:
ԵՄ անդամներն ի սկզբանե գործել են ծայրահեղ ոչ թափանցիկ։ ԵՄ առաքելության տեղակայումը Հայաստանի տարածքում հարկադրված էր՝ Բրյուսելի լուրջ ճնշման ներքո։ ԵՄ-ն գործնականում պարտադրեց իր ներկայությունը։ Առաքելության մեկնարկը, որի նպատակը հայտարարվել էր Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելը, տեղի ունեցավ միակողմանի, ոչ կոնսենսուսային հիմունքներով, առանց ադրբեջանական կողմի և տարածաշրջանային այլ խաղացողների համաձայնության և առանց պատշաճ հաշվետվողականության: Դա միայն հաստատում է տարածաշրջանում ԵՄ քաղաքականության իրական մտադրությունները, որի համար գլխավորը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, Հարավային Կովկասը վերածելն աշխարհաքաղաքական առճակատման ասպարեզի՝ ի վնաս այստեղ ապրող մարդկանց հիմնարար շահերի»։
Զախարովայի խոսքով՝ Հայաստանում ԵՄ «դիտորդական» բազաների թվի ավելացումը կապ չունի Բաքվի և Երևանի հարաբերություններում կայունության և խաղաղության հաստատման նպատակի հետ։ «Միջազգային հանրությանը և, առաջին հերթին, Ադրբեջանին և Հայաստանին ԵՄ առաքելության հաշվետվողականության բացակայությունն ամրապնդում է կասկածները, որ ԵՄ գործունեության մեջ կա թաքնված օրակարգ «տեղում», «կրկնակի հատակի» առկայություն՝ առաքելության մանդատի «քաղաքացիական» բնույթի քողի տակ: Հաշվի առնելով բոլոր հանգամանքները՝ ոչ միայն մենք ունենք բազմաթիվ օրինական հարցեր տարածաշրջանում ԵՄ-ի գործողությունների իրական դրդապատճառների վերաբերյալ»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակը։
–