ԶՊՄԿ-ի, Սյունիքի մարզպետարանի ու ՌԴ նախագահի աշխատակազմի աջակցությամբ Կապանում նաև «Արմաթ» լաբորատորիա բացվեց:
Սյունիքի սահմանամերձ Կապան քաղաքում «Ռուսական գրքի տուն» բացվեց: Կազմակերպիչներն այս նախաձեռնությունը համարում են հայ-ռուսական համագործակցության ամրապնդման ևս մեկ քայլ, հայտնում է Sputnik Արմենիան։
Հայաստանում «Ռուսական գրքի տան» հիմնադիր Մհեր Ավետիսյանը կարծում է, որ հենց Սյունիքում պետք է լինի հայ-ռուսական բարեկամության և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների խորը ըմբռնումը:
«Ռուսական գրքի տունը պարզապես խանութ կամ գրադարան չէ։ Այն լինելու է ռուսական մշակույթի կենտրոն Կապան քաղաքում։ Մենք պատրաստվում ենք տարբեր միջոցառումներ, ստեղծագործական երեկոներ անցկացնել ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչների հետ։ Շատ կուզենայի, որ մենք հետադարձ կապ ունենայինք և ձեզնից (քաղաքի բնակիչներից) ստանալ ոչ միայն արձագանքներ, այլև առաջարկներ, թե ինչ նոր բան կարելի է անել, որը կհետաքրքրի կապանցիներին», — ասաց ՌԴ նախագահի արտասահմանյան երկրների հետ միջտարածաշրջանային և մշակութային կապերի վարչության պետ Իգոր Մասլովը։
Մասլովն ընդգծեց` Սյունիքը Հայաստանի կարևորագույն մարզն է։
Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն էլ իր հերթին նշեց, որ բարձր է գնահատում ռուս և հայ ժողովուրդների հարաբերությունները․ «Կապանում միշտ էլ հատուկ ուշադրություն է դարձվել ռուսաց լեզվի ուսումնասիրությանը, ինչով էլ բացատրվում է կենտրոնի բացման անհրաժեշտությունը։ Ավելի քան վստահ եմ, որ տունը յուրահատուկ հարթակ կդառնա ռուսաց լեզվի, գրականության և մշակույթի իմացության մակարդակը բարձրացնելու համար», — ավելացրեց նա։
Այսօր «Մոսկվայի տան» նախաձեռնությամբ Կապանում նաև «Արմաթ» լաբորատորիա բացվեց: Աջակցություն են ցուցաբերել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, ինչպես նաև Սյունիքի մարզպետարանն ու ՌԴ նախագահի աշխատակազմը:






